«Արևելյան գործընկերություն» նախագծի երկրները` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, ի վիճակի չեն ոչ ժողովրդավարություն ապահովել և ոչ էլ տնտեսական բարեփոխումներ իրականացնել: Այս հանգամանքն ուժեղացնում է հետխորհրդային տարածքում արևմտյան արժեքներ սերմանելու գաղափարի հակառակորդների փաստարկները, որոնք միաժամանակ չեն ուզում հարաբերությունները փչացնել Ռուսաստանի հետ, գրում է լեհական Gazeta Wyborcza պարբերականը:
«Արևելյան համագործակցության» ծրագիրը, որը, մասնավորապես, նպատակ ունի առաջ մղել մարդու իրավունքները, իրականում էական խնդիրների առաջ է կանգնել:
The Economist-ի վիճակագրական տվյալներով` Ադրբեջանը Բելառուսին հավասար բռնապետական երկրների շարքին էր դասվել, իսկ Հայաստանն ու Վրաստան ընդգրկվել էին հիբրիդային ռեժիմի, այսինքն` ոչ բավարար ժողովրդավարության և բռնապետության համակցության կատեգորիայում:
Ըստ ԵԱՀԿ`Ադրբեջանում տեղի ունեցած վերջին ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին, մասնավորապես, լրագրողների ձերբակալման դեպքերի պատճառով: Հայաստանում դեռ հիշում են 2008-ին կայացած նախագահական ընտրությունները, երբ խաղաղ ցույցերը վերածվեցին ոստիկանության հետ բախումների, ինչի հետևանքով զոհվել էր 10 մարդ, ավելի քան 100 ցուցարարներ հայտնվել էին բանտերում:
Արդեն ավելի քան մեկ տարի է` Եվրապատգամավորները փորձում են «Արևելյան գործընկերության» (Euronest) խորհրդարանական նիստ գումարել, սակայն խնդիրներ կան բելառուսական պատվիրակության հետ: «Նրանք ժողովրդավարական մեխանիզմներին համապատասխան չեն ընտրվել, այդ իսկ պատճառով պետք է փոխարինվեն քաղաքացիական հասարակության անկախ ներկայացուցիչներով»,-պարզաբանում են Euronest-ի պատաախանատու պատգամավորները: Կարծես` ադրբեջանական խորհրդարանն էլ ժողովրդավարական ճանապարհով է ձևավորվել:
«Արևելյան գործընկերության» անդամների սոլիդարությունը Բելառուսի հետ մի շարք դրդապատճառներ ունի: Վրաստանին Մինսկը սպառնում է Հարավային Օսիայի և Աբխազիայի անխակության ճանաչմամբ: Մոլդովային գայթակղում է տնտեսական պայմանագրերով, իսկ Հայաստանին համոզում է, որ ավելի լավ է թույլ չտալ ուրիշներին խառնվել ներքին գործերին:
Մինչև վերջին ժամանակներս «Արևելյան գործընկերության» քարտեզի առավել «լուսավոր» կետերն էին համարվում Կիևն ու Թբիլիսին, սակայն ակնհայտ է, որ այս երկրները 1990-ականների Կենտրոնական Եվրոպայի օրինակով չկերպարանափոխվեցին: Անգամ «նարնջագույն» Ուկրաինայում 2005-2010 թվականների ընթացքում քաղաքական բազմակարծությանը չէին ուղեկցում տնտեսական բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը: Իր հերթին, Վրաստանը տնտեսական առումով մրցունակության վերելք է ապրում, սակայն հետընթաց է ապրում քաղաքական ազատության հարցում` ժովովրդավարության վիճակագրական աղյուսակում զբաղեցնելով 103-րդ տեղը:
Ժողովրդավարության սկզբունքները պաշտպանել մինչև վերջ, թե՞ Արևելքում համաձայնության գալ բռնապետերի հետ: Այս հարցի շուրջ թեժ քննարկումներ էին ընթանում Բրյուսելում 2010 թվականին, սակայն ներկայումս այս հարցը բուռն էմոցիաներ չի առաջացնում: Ոմանց ոգևորությունը պակասում է, մյուսները չեն հավատում հաջողությանը, ոմանք էլ չեն ցանկանում նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը «Արևելյան գործընկերության» կազմի մեջ մտնող երկրներում: