Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստվում է լրջորեն մտածել կովկասագիտության մասնագետների պատրաստման ուղղությամբ:
Ու թեև լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանը նշել է, որ թուրքագետների պատրաստման մակարդակը բավական բարձր է, տեմպերը և մասնագետների քանակը իրենց չեն կարող բավարարել:
«Մենք արդեն նախագահի օգնությամբ պատրաստում ենք օսմանագետներ: 3 հոգի այսօր գտնվում են Սանկտ Պետերբուրգի համալսարանում, որտեղ հատուկ ծրագրով մասնագիտանում են օսամանագիտության ուղղությամբ: Օսմանագետ մասնագետներ պատրաստելը շատ դժվար է, որովհետև նրանք 3 արևելյան լեզվի պիտի տիրապետեն` պարսկերեն, արաբերեն և թուրքերեն: Բացի այդ, օսմաներենը մեզ համար կարևոր է, որովհետև թուրքական արխիվներում եղած փաստաթղթերը մինչև 20-ական թվականների կեսերը, դրանք հիմնականում օսմաներեն լեզվով են և մեզ համար այդ արխիվները հասու չեն այնքանով, որքանով այդ լեզուն տիրապետող մասնագետները մեզ մոտ քիչ են, կամ գրեթե չկան»,- ասել է Արամ Սիմոնյանը: Խոսելով նաև հայագիտության ոլորտի մասին` Արամ Սիմոնյանը նշել է, որ իրենք շատ կարևոր գործ ունեն անելու:
«Պետք է մեզ համար կիրառական հայագիտության գերակա ուղղությունները որոշենք վերջնականապես: Օրինակ, ես կարծում եմ, որ հայ-քրդական հարաբերությունների հարցում մենք էլի բավական հետ ենք մնացել, մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր զարգացումներին և պետք է ունենանք քրդոլոգներ, քրդագիտության ոլորտում պետք է ունենանք մասնագետներ»,- նշել է ԵՊՀ ռեկտորը և հավելել, որ լավ քրդագետ մասնագետներ ունենք, որոնք, սակայն, արդեն բավական տարիքով են, և երիտասարդ սերունդ իրենց հետևից չի գալիս: