Փողոցային առևտուրն արգելելու մասին քաղաքապետարանի որոշման դեմ պայքարողներն այսօր կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել:
Հիշեցնենք, որ նախորդ չորեքշաբթի օրվանից տասնյակ մարդիկ հավաքվում են Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ` պահանջելով չեղյալ համարել որոշումը:
Շաբաթ օրը ոստիկանները թույլ չէին տվել ակցիայի մասնակիցներին մոտենալ շենքին` նշելով, որ այդ օրը ոչ աշխատանքային է, սակայն «հրավիրել էին» քաղաքապետարանի մոտ երկուշաբթի:
Այսօր, սակայն, ոստիկանները կրկին շրջափակել են Երևանի քաղաքապետարանի առջև ընկած տարածքը, ինչպես նաև թույլ չէին տալիս մարդկանց անցնել փողոցը և մոտենալ քաղաքապետարանի շենքին: Մարդիկ խմբվել էին Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող այգու մոտ` պահանջելով թույլ տալ իրենց բողոքի ձայնը բարձրացնել քաղաքապետարանի շենքի մոտ: Ոստիկանները, սակայն, հորդորում էին նրանց հեռանալ մայթից և մտնել այգի:
«Մենք չենք եկել այգում կանգնելու, մենք եկել ենք քաղաքապետարանի մոտ բողոքելու», – գոռում են մարդիկ:
Epress.am-ը խնդրել է ոստիկանների գործողությունները ղեկավարող փոխգնդապետ Հակոբյանին պարզաբանել իրենց որոշման դրդապատճառները:
«Ես իմ ծառայությունն եմ իրականացնում», – առանց մանրամասնելու պատասխանել է Հակոբյանը:
Այնուամենայնիվ, րոպեներ առաջ մարդիկ, ճեղքելով ոստիկանական պատը, անցել են Երևանի քաղաքապետարանի մայթ: Քաղաքապետարանի շենքի մուտքին ավելի մոտ մարդիկ առայժմ չեն կարողանում մոտենալ. ոստիկանները կրկին պատ են կառուցել և թույլչեն տալիս, որպեսզի մարդիկ առաջ գնան: