Կառավարության շենքի առջև կազմակերպված ակցիան տևեց մոտ ինը ժամ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տասնյակ մարդիկ բողոքում էին ներմուծվող ապրանքի 1 կիլոգրամի համար վճարվող տուրքի կրկնակի ավելացման դեմ: Եթե նախկինում այն կազմում էր 4 դոլար, ապա այժմ տուրքը կազմում է 8 դոլար:
Ակցիայի վերջում հոգնած ոստիկանները սկսել էին զրուցել բողոքավորների և կատակել միմյանց հետ: Ոմանք արդեն լքել էին Հանրապետության հրապարակը, սակայն ակցիայի մասնակիցների մեծ մասը դեռ սպասում էր պատասխանի. կառավարություն էին հրավիրվել բողոքավորներից երեքը:
Այդ ընթացքում նկատվում էր ներկաների` իրենց ինչ-որ բանով զբաղեցնելու ցանկությունը: «Գոնե կոֆե բերեին տային», – ասաց մի տղամարդ: Մյուսները պատասխանում էին հարազատների զանգերին և տեղեկացնում ակցիայի մյուս մասնակիցներին, որ քիչ առաջ նրանց հեռուստատեսությամբ են տեսել:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները, տրորելով իրենց մրսած ձեռքերը, ժպիտով էին արձագանքում մարդկանց կատակներին: Մի ոստիկան նույնիսկ կիսվեց ներկաների հետ, որ այս բոլոր խնդիրները նրան հայտնի են, քանի որ իր մորաքույրը ևս աշխատում է Բանգլադեշի տոնավաճառներից մեկում: Կազմած շղթայից մեկ այլ ոստիկան էլ` ուսով հրելով իր գործընկերոջը, կատակեց. «Մի նեղվի, լավ կլինի»:
Նկատելով, որ այս ընթացքում Epress.am-ի թղթակիցը գրեթե չէր լքել Կառավարության շենքին հարող տարածքը, բողոքողներից մի կին կոնֆետ առաջարկեց, իսկ մեկ ուրիշը նկատեց. «Ձեր գործն էլ գործ չի: Բա ամուսնանաս, երեխաներիդ ո՞վ ա պահելու»:
Անցավ մոտ 40 րոպե: Կրկին լսվեծ հավաքվածներից մեկի ձայնը. «Ղարաբաղի հարցը սկի էսքան երկար չի տևել»: Մի ոստիկան` հենվելով մյուսին, կամաց երգեց իր գործընկերոջ ականջին. «Իմ ախպերս…»: Բոլորն էին մրսում:
Վերջապես եկան բողոքավորների ներկայացուցիչները, տեղեկացրեցին, որ հանդիպել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ:
«Ինքը մեզ ասեց, որ կառավարությունը տեղյակ չէ գնային բարձրացումից: Դա եղել է բեռնափոխադրող սուբյեկտներից: Տրանսպորտի նախարարին հրահանգ ա տվել, որ սեղմ ժամկետներում անպայման հարցը լուծվի», – ասաց Գևորգ Սարոյանը:
Վաղը բողոքողները պետք է դիմում ներկայացնեն վարչապետին, որը, ըստ Սարոյանի, կլուծի այս հարցը:
Նշենք նաև, որ վաղն այս մարդիկ կհավաքվեն տրանսպորտի նախարարության շենքի առջև: «Տրանսպորտի նախարարությունից պատճառաբանել են, որ Թուրքիայի, Վրաստանի կառավարությունները թանկացրել են, բայց Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ մի բան չի բարձրացրել գնային առումով», – ասել է նա:
Իսկ Մեղրիի կամ այլ վայրերի պահեստներում պահվող ապրանքի հարցը նույնպես կլուծվի 24 ժամվա ընթացքում. «Վաղը պարզ կլինի, թե երկրում եղած ապրանքը ինչ գնով կվերցնեք»
Հարցին, թե ինչու ժողովրդին ստիպեցին այսքան սպասել, նրանք ստացան հետևյալ պատասխանը. «Վարչապետը ասեց` հրահանգը տվել ա տրանսպորտի նախարարին, որը կապվել ա Վրաստանի և ինչ-որ ճանապարհներով, դիվանագիտական կապեր չունենք, Թուրքիայի հետ: Ասեց` վաղը մինչև ժամը հինգը լիարժեք պատասխան կտամ բոլորին», – եզրափակել է Գևորգը:
Մարդիկ դեռ որոշ ժամանակ քննարկեցին ստեղծված իրավիճակը, ոմանք ասացին, որ արժե պայքարել մինչև վերջ և սկսեցին հեռանալ հրապարակից: