Ապրանքների դիմաց գանձվող տուրքի չափը բարձրացրել է ոչ թե պետությունը, այլ բեռնափոխադրող ընկերությունները: Epress.am-ի լրագրողի հետ զրույցում ՀՀ կառավարության շենքի մոտ շարունակվող բողոքի ակցիայի մասկիցները, ովքեր առևտուրով են զբաղվում Երևանի տարբեր տոնավաճառներում, ասել են, որ իրենց այսպես է իրավիճակը ներկայացրել ՀՀ կառավարության ներկայացուցիչը: Նրանց խոսքով` կառավարության ներկայացուցիչը զանգահարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանին, ով նշել է, որ մաքսային տուրքի ավելացում չի եղել:
Նշենք, որ մի քանի տասնյակ մարդիկ չեն հեռանում ՀՀ կառավարության շենքի մոտից: Նրանք բողոքում են ներմուծվող ապրանքի 1 կիլոգրամի համար վճարվող տուրքի կրկնակի ավելացման դեմ: Եթե նախկինում այն կազմում էր 4 դոլար, ապա այժմ տուրքը կազմում է 8 դոլար:
Բողոքի ակցիայի ընթացքում հավաքվածներին դիմել է ՀՀ կառավարության ներկայացուցիչը, ով խնդրել է հեռանալ և շենքին մոտենալ ավելի ուշ պատասխան ստանալու համար: Նրա փորձել է կատակել` նշելով, որ «ամեն մի դոլարի համար մեզ մի ժամ տվեք, եկեք հինգին»: Ակցիայի մասնակիցները, սակայն, հրաժարվել են հեռանալ` ասելով, որ 5-ին տարածքն արդեն արգելափակված կլինի:
Նրանք վանկարկում են «վարչապետ», «ամոթ», «հեռացիր»: