ԵԽԽՎ նախագահ վերընտրվելուց հետո` իր առաջին մամուլի ասուլիսում Մևլութ Չավուշօղլուն դարձյալ խոսել էր ԼՂՀ հարցերով ենթահանձնաժողովի մասին և ասել, որ ինքը վերստեղծելու է այն` շեշտելով, որ դա ոչ թե իր, այլ Վեհաժողովի որոշումն է, գրում է օրաթերթը:
Հավանաբար, Չավուշօղլուն Վեհաժողովի Բյուրոյին զեկույց կներկայացնի ուրբաթ օրը: «Նա դրա իրավունքն ունի և կօգտագործի իր դիրքը»,- «Երկիր»-ին ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:
Նա նշել է նաև, որ հայկական պատվիրակությունը դեռևս ոչ մի տեղեկություն չի ստացել ենթահանձնաժողովի նախագահի հավանական թեկնածուի մասին, չնայած նախօրոք խոստացել էին հարցը դարձյալ քննարկել պատվիրակությունների ներկայացուցիչների հետ: «Ենթադրում եմ, որ մինչև ուրբաթ Չավուշօղլուն հանդիպում կնախաձեռնի երկու կողմերի պատվիրակությունների երկուական անդամների հետ»,- ասել է Արմեն Ռուստամյանը, սակայն չի բացառել, որ նման հանդիպում կարող է և տեղի չունենալ:
Արմեն Ռուստամյանը վերահաստատել է հայկական պատվիրակության միասնական դիրքորոշումը` նշելով, որ ԵԽԽՎ ենթահանձնաժողովի ստեղծումը կվնասի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին: