ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր այցելելու է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պետք է հանդիպի այդ ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներին` նրանց խնդիրներին անձամբ ծանոթանալու նպատակով, գրում է օրաթերթը:
Մեր տեղեկություններով` դատապարտյալներին հիմնականում հետաքրքրում է այն հարցը, թե ինչու պայմանական վաղաժամկետ ազատման պատժաչափը կրելուց հետո ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով իրենք ազատ չեն արձակվում: Ըստ որոշ տեղեկությունների` այդ ՔԿՀ-ում պահվող 117 դատապարտյալներից 81-ը պետք է վաղակետ ազատ արձակված լինեին: Մյուս հարցը, որ հետաքրքրում է դատապարտյալներին, այն է, թե ինչու ազատազրկման ընթացքում մինչև յոթ օր ազատ արձակվելու` օրենքով տրված հնարավորությունն իրենց նկատմամբ չի կիրառվում, լավագույն դեպքում դատապարտյալին մեկ կամ երկու ժամով է միայն տրվում: Քաղբանտարկյալներից «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվում է միայն Սարգիս Հացպանյանը, որը, մեր տեղեկություններով, Թովմասյանի հետ հանդիպելու նպատակով դիմում է ներկայացրել: