Օրաթերթի երեկվա համարում «Պարտքի տակ` բարեգործություն է անում» հրապարակման ներքո անդրադարձ էր կատարվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի բարեգործական գործունեությանը:
Տեղեկացրել էինք, որ Արտաշատի գինիների և Աշտարակի գինիների գործարանների սեփականատերը, ով գինու գործարաններ է հիմնադրել նաև Մարսելում, Լիոնում, Փարիզում և Սոչիում, շուրջ 450 միլիոն դրամ է պարտք իր աշխատակիցներին: Երեկ խմբագրությունը բազմաթիվ զանգեր ստացավ հատկապես Արարատի և Արմավիր գյուղերի բնակիչներից: Նրանցից ոմանք պարզաբանեցին, որ իրենք ոչ թե Արզաքանցյանի աշխատակիցներն են, այլ մարդիկ են, որոնք խաղող են վաճառել ՀՀԿ պատգամավորին, որը մինչև օրս կոպեկ անգամ չի վճարել իրենց: Արմավիրից զանգահարողն էլ մանրամասնեց, որ գյուղացիներին է ինքը պարտք 450 միլիոն դրամ. դարձյալ խաղող է գնել ու չի վճարել: Մեկն էլ ասաց, թե իրեն ու գյուղացիներին Արզաքանցյանը պարտք է շուրջ 10 միլիոն դրամ. խաղող է առել` փող չի տվել: Բայց պայմանագիր ունենք, որ 6 ամսում պետք է մարի պարտքը», պատմեց մեր զրուցակիցը: Ե՞րբ է լրանում 6 ամիսը` հարցրինք զանգահարողին. ի պատասխան նա նշեց. «Մարտի վերջին, մի մասինն էլ` ապրիլի սկզբին»: