Հիմնականում Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն` Լևոն Քոչարյանին պատկանող ու մի քանի մլն ԱՄՆ դոլարի կանոնադրական կապիտալ ունեցող «Նաիրի ինշուրանս» ընկերությունը նոր տարուց հետո նստել է Բագրատաշենի մաքսատանը ու, ականատեսների խոսքերով, ստիպում է Հայաստան եկող վրացիներին ապահովագրել իրենց մեքենաները, անգամ, եթե այդ մեքենաների տերերը մի քանի օրով են երկիր մտնում, տեղեկացնում է օրաթերթը:
Մեր խմբագրություն զանգահարած ականատեսը պատմում էր, որ մի քանի օր առաջ` 5 օր Հայաստանում մնալու համար, «Նաիրի ինշուրանսը» 50 դոլար գումար է պոկել մեքենայով Հայաստան եկող մեր հարևանից: Թե ինչ հաշվարկով են այդքան գումար գանձել, մեր աղբյուրը չգիտեր: Հայտնի է նաև, որ ամառվա սեզոնին Սև ծովի ափին հանգստանալու համար Վրաստան է մուտք գործում մոտ 50-60 հազար հայ, և շատ տխուր կլինի, եթե վրացիները որոշեն դիմել հակադարձ քայլի: Նշենք նաև, որ ընկերության սեփականատերը` 25-ամյա երիտասարդ միլիոնատեր Լևոն Քոչարյանը, ով, «Նաիրի ինշուրանսի» կայքում պաշտոնապես հրապարակված տվյալներով, ընկերության 30 տոկոսի բաժնետերն է և 237 մլն դրամ գումար է ներդրել ընկերությունում , բուհն ավարտելուց հետո որևէ տեղ չի աշխատել, բացի «Նաիրի ինշուրանսի» խորհրդի անդամ լինելուց: Թե որտեղից նրան այդ միլիոնները, մնում է կռահել: Ի դեպ, մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ Հայաստան կատարած այցի ժամանակ Միխայիլ Սահակաշվիլին նաև այս հարցերն է քննարկել Սերժ Սարգսյանի հետ: