Եմենում հազարավոր ցուցարարներ հավաքվել են երկրի մայրաքաղաք Սանայում` պահանջելով նախագահ Ալի Աբդուլա Սալեհի պաշտոնանկությունը: Նշենք, որ Սալեհը նախագահի աթոռն է զբաղեցնում 1978 թվականից:
«30 տարուց ավել իշխելը հերիք է» կարգախոսի ներքո փողոց դուրս եկած ցուցարարները իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում մայրաքաղաքի չորս տարբեր հատվածներում, հաղորդում է AFP գործակալությունը:
«Փոփոխությունների ժամանակն է եկել», – վանկարկում էին ցուցարարները` հիշեցնելով Թունիսի նախադեպի մասին:
«Ընդհանուր ֆորում» կուսակցության ակտիվիստները հայտարարել են, որ մայրաքաղաքի 4 տարբեր հատվածներում ցույցեր կազմակերպելը անվտանգության ուժերին բաժանելու միտում ունի:
Նշենք, որ Եմենի նախագահի կողմնակիցները ի պատասխան ակցիաների` սեփական հանրահավաքներն են կազմակերպել` բողոքելով ընդդիմության գործողությունների դեմ: