Թուրքիայի նախագահի գրասենյակի ենթակայության ներքո գործող Պետական վերահսկողական ծառայությունը հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով կարող է առանձին հետաքննություն սկսել: Այս մասին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ասել է լրագրողների հետ զրույցում:
Գյուլի խոսքով`Վերահսկողական ծառայությունը ոչ թե կզբաղվի կասկածյալների հարցաքննությամբ, այլ կգործի որպես մի մարմին, որն իր կողմից իրականացված հետաքննության արդյունքերը կտրամադրի համապատասխան մարմիններին:
«Ես պարզապես չգիտեմ` արդյոք նրանք (նկատի ունի Վերահսկողական ծառայությունը-Epress.am) կարող են ինչ-որ բանով օգնել, բայց եթե հասկանանք, որ կարող են, ես մի վայրկյան անգամ չեմ հապաղի և հրահանգ կտամ սկսել հետաքննությունը», – Today’s Zaman-ի փոխանցմամբ ասել է Գյուլը: