Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի 6 թաղամասերում շարունակվում են հակառավարական ուժերի և ոստիկանության բախումները: Դրանք ավելի ուժգին են դարձել այն բանից հետո, երբ ժամեր առաջ տնային կալանքի էր ենթարկվել ընդդիմության առաջնորդ Մոհամեդ Էլ Բարադեյը, ով երեկ Վիեննայից ժամանել էր Կահիրե ցուցարարների գործողության ղեկավարությունը ստանձնելու համար:
Ինչպես նշում են արևմտյան լրատվամիջոցները, Եգիպտոսի 28 նահանգներից առնվազն 11-ում լուրջ ցույցեր են ընթանում, որոնց ընթացքում բախումներ են գրանցվում ոստիկանության և ցուցարարների միջև: Ոստիկանությունն արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառում ցուցարարների դեմ, սակայն տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են փողոցում մնալ:
Ցուցարարներն առավել լուրջ հաջողությունների են հասել Սուեց քաղաքում, որտեղ նրանց հաջողվել է ցրել ոստիկանական ուժերը և մի քանի պետական գերատեսչությունների շենքեր գրավել:
Այս պահի դրությամբ իրավիճակը լարված է մնում նաև Ալեքսանդրիա, Մասուրա և Շարքիյա քաղաքներում:
Փողոց դուրս եկած մարդիկ վանկարկում են` «Մուբարակ, դուրս», «Վերջ բռնապետությանը», «Սա հեղափոխություն է»:
Նշենք, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարակը ղեկավարում է երկիրը 1981 թվականից: