«Կոնգրեսը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք ընդունում են հռչակագրի կետերը: Շատ պարզ ցուցիչ կա` պարզելու համար, թե տվյալ քաղաքական ուժը ընդդիմություն է, բռնապետության դեմ պայքարող ուժ է, թե ոչ», – խոսելով Ժողովրդական կուսակցության նախագահ, ԱԼՄ հոլդինգի տնօրեն Տիգրան Կարապետյանի` իրական ընդդիմություն լինել-չլինելու մասին` այսօր մամուլի ասուլիսին ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Ամենալավը իշխանությունները գիտեն, թե ով է ընդդիմություն, ով` ոչ: Եթե իշխանությունները չեն փակում հանրահավաքի օրը ճանապարհները, գործ չունես իսկական ընդդիմության հետ, եթե փակում են, ապա իրական ընդդիմություն է. սա շատ լավ ինդիկատոր է: Ուշադիր եղեք, ընդհանրապես համարձակվո՞ւմ է այդ քաղաքական ուժը Սերժ Սարգսյանի անունը տալ, թե ոչ: Հենց որ տեսնենք, որ էդ քաղաքական ուժին խանգարում է իշխանությունը, հենց որ նույն բազազները հարձակվում են նրանց վրա, ուրեմն այդ քաղաքական ուժը միացել է բռնապետության դեմ պայքարին»,- պարզաբանել է Զուրաբյանը: