Home / Հայաստան / ՀԱԿ-ը հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում

ՀԱԿ-ը հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում

Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հաջորդ հանրահավաքը կկայանա փետրվարի 18-ին, ժամը 17.00-ին Ազատության հրապարակում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` նշելով, որ իրենք պատրաստվում են համապատասխան հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարան:

«Բոլորդ ականատես եք, թե ինչպես է երկրում սրվել սոցիալական վիճակը, ժողովուրդը ծանր վիճակում է հայտնվել` մի վիճակ, որը կհամեմատեմ միայն պատերազմական տարիների հետ», – ասել է Զուրաբյանը:

Նրա խոսքով` իշխանություններն արմատական բարեփոխումներ չեն կարող իրականացնել. «օլիգարխներին սպասարկող այս արատավոր համակարգը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է»:

Ըստ Զուրաբյանի` հանրահավաքի օրն իրենք անդրադառնալու են այն խնդիրներին, որոնք հուզում են ժողովրդին, և դա, ՀԱԿ համակարգողի խոսքով, վերաբերում է բոլոր ոլորտներին:

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի կողմից հերթական մերժումը ստանալու հավանականությանը, ապա Զուրաբյանն ասել է. «Թող մերժեն, էդ ժամանակ մենք մեր քայլերը կմտածենք»: