Այսօր կեսօրին` ժամը 12:00-ին, Երևանի Տերյան-Կողբացի42-Պուշկին40 բակի բնակիչները կազմակերպում են բողոքի ակցիա ընդդեմ իրենց բակում բազմահարկ շենքի կառուցման:
Այս մասին հայտնում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը:
Ըստ նախաձեռնության անդամների` շինարարությունը սպառնում է զավթել բակային հանգստի գոտին և վտանգել կից շենքերը սեյսմիկ և քաղաքաշինական տեսանկյունից:
Հիշեցնենք, որ այդ տարածքի բնակիչներն արդեն մի քանի օր է` խոչընդոտում են շինարարությունը: Ամեն անգամ, երբ շինարարական մեքենաները սկսում են աշխատել, բնակիչներն իջնում են բակ ու կանգնում շինարարության տարածքում` պահանջելով դադարեցնել ապօրինի գործունեությունը:
Չնայած ոստիկանների հորդորներին` մարդիկ շարունակել են պնդել, որ մինչև վերջ պայքարելու են իրենց իրավունքների համար և թույլ չեն տալու իրենց բակում շենք կառուցել:
Բնակիչները նաև նամակ էին պատրաստել` ուղղված Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին:
Նշենք, որ շինարարության վայրում որևէ տեղ նշված չէ, թե ով է կառուցապատող ընկերությունն ու ինչ տեսք է ունենալու ապագա շինությունը, ինչը հակասում է գործող օրենքին:
Հարակից շենքերի բնակիչները Epress.am-ի հետ զրույցում նշել էին, որ, ըստ շրջանառվող լուրերի, կառուցապատումն իրականացնում է «Լոկալ դեվելոփերս» կազմակերպությունը, որը պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին: