ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հանգամանքները պարզվել են, հաղորդում է «Ռիա Նովոստին»:
Մարկինի խոսքով` քրեական գործի բացահայտման մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ:
«Դոմոդեդովո» օդանավակայանի ահաբեկչությունը տեղի էր ունեցել հունվարի 24-ին: 7 կգ տրոտիլ պարունակող պայթուցիկը գործի էր դրել մահապարտ ահաբեկիչը: Ահաբեկչության հետևանքով մահացել էր 35 մարդ, վիրավորվել` ավելի քան 100: Դեպքի առնչությամբ երկու քրեական գործ էր հարուցվել, որոնցից մեկը անմիջականորեն վերաբերում էր ահաբեկչությանը, իսկ երկրորդը` օդանավակայանում անվտանգության միջոցների թերի իրականացմանը:
ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ահաբեկչության ենթադրյալ իրականացնողը Վիտալի Ռազդոբուդկոն է, ով «վահաբիթների» խմբավորման անդամ է եղել: Որոշ լրատվական աղբյուրներ գրում էին, որ Ռազդոբուդկոն մահապարտ է եղել, որոշներն էլ` որ նա օգնել է մահապարտին: Հունվարի 28-ին իրավապահ մարմինները հայտարարել էին, որ Ստավրոպոլի բնակիչը կապ չունի ահաբեկչության հետ: