Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից Թուրքիայի դիրքորոշումը ապակառուցողական է: Այս մասին RussiaToday հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ թուրքական կողմը գործնականում վերադարձել է բանակցային գործընթացի մեկնարկից առաջ գոյություն ունեցող նախապայմաններին, որոնց պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը փակուղում էր գտնվում:
«Դուք հարցնում եք` ի՞նչ նախապայմաններ: Նախևառաջ, սա փորձ է կապելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդ պետությունները բազմիցս հայտարարել են, որ այս երկու խնդիրները միմյանց կապելու Թուրքիայի ցանկությունը նպատակահարմար չէ:
Թուրքական կողմը, սակայն, ձևացնում է, թե չի նկատում, չի լսում` ինչ է ասում միջազգային հանրությունը»,- նշել է Նալբանդյանը:
Նրա խոսքով` Թուրքիայի կողմից պայմանավորվածությունը խախտելու երկրորդ հարցը Ցեղասպանությունն է: «Բանակցային գործընթացի մեկնարկից առաջ մենք նշել էինք, որ Ցեղասպանության փաստը չենք առաջադրում որպես նախապայման հարաբերությունների կարգավորման համար` անկախ նրանից, որ Թուրքիան 95 տարի հայերի Ցեղասպանության ժխտման քաղաքականություն էր վարում: Սակայն դա չպետք է նախապայման լինի ոչ Հայաստանի, ոչ Թուրքիայի համար: Մենք նաև նշել էինք, որ Հայաստանը երբեք կասկածի տակ չի առնի ոչ Ցեղասպանության պատմական փաստը, ոչ դրա միջազգային ճանաչման կարևորությունը: Սակայն Թուրքիան, ցավոք սրտի, վերադարձավ նախապայմանների քաղաքականությանը` դրանով իսկ գրավելով ապակառուցողական դիրքորոշում»,- եզրափակել է Հայաստանի ԱԳ նախարարը: