«Հանրային խորհուրդ» ընդդիմադիր ժողովրդավարական քաղաքացիական շարժումը (GDDOP), որը հիմնվել է 2010 թվականի դեկտեմբերին, կոչ է անում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել Ադրբեջանում` երկրում թունիսյան և եգիպտական սցենարներից խուսափելու համար: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական բյուրոն:
Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը, սակայն, հայտարարել է, որ Թունիսի իրադարձությունների կրկնությունն Ադրբեջանում ընդամենը ընդդիմադիրների ցանկությունն է, որոնք ձգտում են իշխանության գալ:
GDDOP-ն, որն ունի 195 անդամ և որը պատրաստվում է միավորել Ադրբեջանի բոլոր առաջատար ընդդիմադիր ուժերը, իր առաջին պլենար նիստն անցկացրեց հունվարի 29-ին Բաքվում:
Շարժման հիմնադիրներից մեկը` Ադրբեջանի Առաջադիմական կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին, ներկայացրել է Խորհրդի առաջնային խնդիրը, որն է` բոլոր ընդդիմադիր ուժերի միավորումը և քաղաքացիական հասարակության ստեղծումը` որպես ժողովրդավարական փոփոխությունների գրավական»:
Մեկ այլ հիմնադիր անդամ` «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը, նույնպես հայտարարել է, որ GDDOP-ն Ադրբեջանի իշխանություններին և ժողովրդին ցանկանում է տեղեկացնել, որ քաղաքական փոփոխություններն ու ժողովրդավարությունն անհրաժեշտ են, սակայն դրանք չեն կարող տեղի ունենալ ներկայիս իշխող վերնախավի օրոք:
Ղամբարը հավելել է, որ իշխանությունները պետք է փոխվեն ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների միջոցով: Սակայն, եթե իշխանությունները չիրականացնեն այս գործընթացը, ժողովուրդը ոտքի կկանգնի: Բայց այդ ժամանակ, արդեն շատ ուշ կլինի իշխանությունների համար, և իրադարձությունները կծավալվեն Թունիսի և Եգիպտոսի նույն սցենարի համաձայն»: