Քրիստոնյաների ու մահմեդականների բախման հետևանքով կիրակի Նիգերիայում 35 մարդ է մահացել, տեղեկացնում է AFP-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսային հատվածում գտնվող Բաուչի նահանգում: Նշենք, որ դեռևս անցյալ տարի Բաուչի նահանգի բանտերից մեկից մի խումբ իսլամական ծայրահեղականներ են փախել, որոնք էլ կազմակերպում են հարձակումները քրիստոնյաների վրա:
Բացի դրանից, ըստ Նիգերիայի ոստիկանության, հունվարի 30-ին Բաուչի շրջանի քրիստոնեական մեթոդական եկեղեցում հնարավոր է եղել խուսափել ահաբեկչությունից: Անցորդները տեղեկացրել են իրավապաշտպան մարմիններին, որ մի տղամարդ եկեղեցի նոութբուքի պայուսակ է բերել, թողել է ներսում և դուրս է եկել: Պարզվել է, որ պայուսակի մեջ պայթուցիկ սարք է տեղադրված: Տղամարդուն հաջողվել է փախչել մոտոցիկլետով:
Նիգերիայի հյուսիսային մասի բնակչությունն ավանդաբար իսլամ է դավանում, մինչդեռ երկրի հարավում դավանում են քրիստոնեություն: Վերջին շրջանում քրիստոնյաների և մահմաեդականների միջև բախումներն ավելի հաճախակի են դարձել, հատկապես երկրի կենտրոնական մասում: