Վերջերս իշխանությունը ձեռնարկեց գործողությունների մի շարք, որոնց թիրախը շատ կարևոր մի սոցիալական շերտ է՝ մանր ձեռնարկատերերը։ Այսպես է սկսվում Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը, որում անդրադարձ է կատարվում վերջին շրջանում Հայաստանում ահագնացող սոցիալական բողոքի ալիքին:
Տեքստի հեղինակները նշում են, որ վերջին շրջանում առևտրային անհատական փոքր բիզնեսով զբաղվող, արտասահմանից ապրանքներ ներկրողների համար կրկնակի բարձրացվեց փոխադրավարձ-մաքսավճարը՝ դրանով իսկ տնտեսապես անիմաստ դարձնելով գործունեության այդ ոլորտը, Երևանի փողոցներում արգելվեց բացօթյա առևտուրը՝ առանց նախազգուշացման, առանց համարժեք առաջարկի կամ փոխհատուցման՝ աշխատանքից ու կենսապայմաններից զրկելով հազարավոր մարդկանց, նույն կերպ, առանց այլ զբաղվածություն ապահովելու, փողոց շպրտվեցին սոցիալական կենսաթոշակներ բաժանող մի քանի հարյուր տեսուչներ։
«Ընդ որում՝ այս երեք քայլերն էլ կատարվել են մարդու սահմանադրական իրավունքների, գործող օրենքների կոպիտ խախտումներով։ Ինչպես այս վարչախմբի վարած ընդհանուր քաղաքականությունը, այնպես էլ որոշակի այս քայլերը հստակ տեղավորվում են ցանկացած բռնապետական, առավել ևս՝ դրա վատթարագույն տարատեսակ հանդիսացող ավազակապետական ռեժիմի ինքնապահպանման տրամաբանության մեջ։
Դրանով՝
- Հազարավոր մանր գործարարներ զրկվում են եկամուտից, շատերը՝ նվազագույն կենսապայմաններից.
- Նրանց բիզնեսն անցնում է մոնոպոլիստներին՝ խորացնելով հասարակության բեւեռացումը.
- Դրան հետևելու է գների անխուսափելի նոր աճ, քանի որ ևս մեկ ոլորտում վերանալու է ազատ մրցակցությունը.
- Աշխատանքից զրկվածների կեսն անխուսափելիորեն հեռանալու է Հայաստանից։
Այն, ինչ սպառնում է հազարավոր այս ընտանիքներին, միայն սոցիալական առանձին խմբերի խնդիր չէ։ Այն լուրջ քաղաքական խնդիր է, և վերաբերում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։ Ավելին՝ այն անմիջականորեն վերաբերում է ՀՀ ազգային անվտանգությանը՝ մասնավորապես կործանարար արտագաղթին նպաստելու տեսանկյունից։ Վարչախմբի ոտնձգությունների թիրախ դարձած սոցիալական խմբերի բողոքն ու պայքարը մինչեւ այժմ ապարդյուն է անցել միայնումիայն մեկ պատճառով՝ այն չի ընկալվել ու դիտվել որպես քաղաքական խնդիր», – նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարել է, որ, նկատի ունենալով վերոնշյալը, իր քաղաքական օրակարգում առաջնահերթ խնդիրներից մեկն է դարձնելու այդ հարցերը։
«Մենք պատրաստ ենք բազմաբնույթ օգնություն ցուցաբերել վարչախմբի անօրինականություններից տուժածներին, պայքարել նրանց իրավունքների վերականգնման համար։ Մեր աշխատանքն արդյունավետ կլինի, եթե տվյալ սոցիալական խմբերը ևս իրենց հարցերը դիտեն ոչ թե սոսկ սոցիալական, այլ որպես քաղաքական խնդիրներ, ինչպես որ դրանք իրականում կան, հասնեն նվազագույն անհրաժեշտ ինքնակազմակերպման, չբավարարվեն խաբեական կիսատ-պռատ լուծումներով։ Մենք կոչ ենք անում բոլորին՝ չսպասել վարչախմբի ապօրինության թիրախ դառնալու իրենց հերթին, այլ, կանխելու համար իրենց սպառնացող նույն ճակատագիրը, մասնակից դառնալ անմիջական հարվածի տակ հայտնվածների պայքարին», – ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։