Home / Հայաստան / Հայաստանն առայժմ չի տարհանում իր քաղաքացիներին Եգիպտոսից

Հայաստանն առայժմ չի տարհանում իր քաղաքացիներին Եգիպտոսից

Հայաստանն առայժմ որոշում չի կայացրել Եգիպտոսից Հայաստանի քաղաքացիների տարհանման վերաբերյալ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Եթե նման որոշում կայացվի, մենք կտեղեկացնենք», – ասել է մամուլի խոսնակը:

Նշենք, որ մի շարք երկրներ, այդ թվում` ԱՄՆ-ն, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Հորդանանը, Ադրբեջանը, ավելի վաղ հայտարարել էին Եգիպտոսից իրենց քաղաքացիների տարհանման մասին:

Տիգրան Բալայանի խոսքով` իրենց հաջողվել է թեժ գծի միջոցով կապ հաստատել 10-15 հայերի հետ, ովքեր այս պահին գտնվում են Կահիրեում:

Ըստ չճշտված տվյալների` Եգիպտոսում այս պահին գտնվում է մոտ 200 Հայաստանի քաղաքացի:

Հիշեցնենք, որ Կահիրեում Հայաստանի դեսպանատանը դեռ երեկ բացվել է թեժ գիծ: Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել +20122163850 հեռախոսահամարով:

Հայաստանի ԱԳՆ-ն օպերատիվ տեղեկություններ է ստանում Կահիրեում ՀՀ դեսպանատնից:

Թարմացված է 01.02.2011, 10:10: