ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուին հաջողվեց ստեղծել մի ենթահանձնաժողով, որը երբեք չի կարող դրական դեր ունենալ ղարաբաղա-ադրբեջանական խնդրի լուծման գործում, որովհետև թե Հայաստանը, և թե համանախագահող երկրները բազմաթիվ անգամ նշել են, որ, բացի Մինսկի խմբի ձևաչափից, բոլոր այլ ձևաչափերը կվնասեն Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ բանակցություններին և խաղաղ լուծմանը:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ` անդրադարձ կատարելով ՀՀ արտաքին հարաբերություններում վերջին զարգացումներին: «Այս առումով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է. Թուրքիան երբեք չի կարող տեղ ունենալ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում որպես միջնորդ, և Թուրքիայի բոլոր ջանքերը` մտնել այս կոնֆլիկտի մեջ որպես միջնորդ ձախողվելու են, որովհետև Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք թույլ չեն տա դա»,- հայտարարել է Շարմազանովը:
Վերջինս ղարաբաղյան խնդրի լուծման համար կարևորել է Հարավային Սուդանի հանրապետության նախադեպը, և նշել, որ այդ երկրում երեկ իրականացված ինքնորոշման հանրաքվեի դրական արդյունքները, ըստ Շարմազանովի, ցույց տվեցին, որ աշխարհում շարունակվում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավը: «Ադրբեջանը կամ Թուրքիան ուզեն, թե չուզեն այդ հաղթարշավը շարունակվում է, և դա, իհարկե, կարող է նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի արդարացի լուծման համար», -ասել է ՀՀԿ-ական պատգամավորը: