Այսօր Երևանի Դատախազության շենքի առջև ակցիա էր իրականացնում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը հետամուտ է աշնանը Մասիս քաղաքում ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծի ենթարկված Զարուհի Պետրոսյանի մահվան դեպքի քննությանը և խթանում է գործի թափանցիկության ապահովումը:
Այսօրվա ակցիայի կազմակերպիչները կոչ էին անում պատկան մարմիններին հետևողական լինել գործի քննության ժամանակ:
«Նախաքննությունն արդեն ավարտված է, մենք կապի մեջ ենք փաստաբանի հետ, այս ամիս արդեն կսկվի հետաքննությունը: Կարծում եմ` նման հետևողականությունը նախադեպ կլինի մյուսների համար, որպեսզի հետ կանգնեն բռնություն կիրառելուց»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը:
Նշենք, որ ակցիայի մեկնարկից մի քանի րոպե առաջ դատախազության աշխատակիցները դուրս են եկել և ներս հրավիրել երկու ներկայացուցչի` Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանին և «Զանգակատուն» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Կարինե Գրիգորյանին: Մոտ կես ժամ անցկացնելով դատախազության շենքի ներսում` տնօրենները դուրս եկան: Epress.am-ի հետ զրույցում նրանք հայտնեցին, որ իրենց ուղղակի հրավիրել էին, որպեսզի իրենց մտահոգություններն իմանան:
«Մենք լրիվ ներկայացրինք մեր մտահոգությունները, և իրենք ասեցին, որ կհետևեն»,- մեզ հետ զրույցում ասել է Լարա Ահարոնյանը:
«Մեզ շատ ընկալումով ընդունեցին և ասացին, որ անպայման կհետևեն խնդրին: Մենք վստահում ենք իրենց»,- հավելել է Կարինե Գրիգորյանը: