«Մեր բողոքի ցույցից հետո միջնորդ կազմակերպությունների տնօրենները հայտարարել են գինը 6 դոլար, ու տրանսպորտը որոշ քանակությամբ բեռները տեղափոխել է 6 դոլարով»: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ կառավարության շենքի առջև այսօր անցկացվող Երևանի տոնավաճառներում առևտրով զբաղվողների բողոքի ցույցի մասնակից Գևորգ Սարոյանը:
Նշենք, որ գրեթե մեկ շաբաթ անընդմեջ Երևանի տոնավաճառների աշխատողները բողոքի ակցիաներ էին անցկացնում Կառավարության շենքի առջև այլ երկրներից բերված ապրանքի մաքսազերծման գնի չափի դեմ: Նախկինում այն կազմում էր 4, իսկ հետո` 8 դոլար:
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, առևտրականները` Թուրքիայից, Սիրիայից և այլ երկրներից, ապրանք տեղափոխելու և մաքսազերծելու համար դիմում են բեռնափոխադրող ընկերություններին, այդ թվում` «Կովկաս տուր», «Նարինե», «Դեյվիդ տուր» և այլն, որոնք էլ, փաստորեն, բարձրացրել են մաքսազերծման գումարի չափը:
Սարոյանի խոսքով` այսօր իրենք հանդիպում են նախատեսել քաղաքապետարանի և մաքսային ծառայության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Սարոյանը ցանկանում է բանավիճել վերջիններիս հետ:
«Հիմա կառավարության պատասխանը վերցնեմ, տրանսպորտի նախարարի պատասխանի հետ միասին գնալու եմ իրանց մոտ: Թող գան պարզաբանումներ տան», – ասել է նա:
Սարոյանը նաև նշեց, որ հավաքվածները հասկանում են. եթե երկրում ինչ-որ բան է փոխվում, դա հրամանով է տեղի ունենում:
«Ինչի հետ է կապված` 50 տոկոս բարձրանում ա, 100 տոկոս բարձրանում ա: Էս դառել ա դոլարի կուրսն էլի. մեկ հելնում ա, մեկ` իջնում: Անհիմն չի կարա 50 կամ 100 տոկոս թանկանա», – եզրափակել է Սարոյանը:
Հիշեցնենք, որ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ հանդիպման ընթացքում բողոքողները խնդրել էին նախարարին գրավոր տեսքով իրենց ներկայացնել, որ օրենքում որևէ փոփոխություն իսկապես չի կատարվել: