Շաբաթ երեկոյան Թեհրանում Հայաստանի Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանի հետ ունեցած հանդիպումից հետո Իրանի նավթի և գազի նախարար Մասուդ Միր Քազեմին ասել է, որ երկու երկրների միջև կառուցվող գազատար խողովակը սկիզբ կառնի Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Թավրիզ քաղաքից և կհատի Հայաստանի սահմանը:
Նախարարը հավելել է, որ խողովակը կարող է օգնել Հայաստանին ավելացնել երկրի վառելիքային պաշարները: Նրա խոսքով` երկու կողմերը նավթի արտահանման վերաբերյալ վերջնական համաձայնության կգան մոտ ապագայում: Իրանը և Հայաստանը վերջին տարիների ընթացքում ավելացրել են նավթի և գազի արտահանման ու ներմուծման ծավալները:
Իրանը բնական գազ է արտահանում Հայաստան երկու գազատար խողովակների միջոցով:
Հոկտեմբերին երկու կողմերը աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ համաձայնության էին եկել, որը ջրի և էներգետիկ միջոցների հարցում փոխադարձ համագործակցության ծավալները մեծացնելու միտում պետք է ունենար: