Դեպի Եգիպտոս տոմսեր գնած Հայաստանի որևէ քաղաքացի այս պահի դրությամբ չի դիմել TezTour տուրիստական ընկերություն` գնված տոմսերը վերադարձնելու կապակցությամբ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Նարինե Դավթյանը` նշելով, որ անհանգստություն մարդկանց մոտ ամեն դեպքում առկա է:
Հարցին, թե ինչպես կարձագանքի ընկերությունը քաղաքացիների` տոմսերը վերադարձնելու ցանկությանը, Դավթյանը պատասխանել է. «Առայժմ ոչ մի խնդիր չկա: Իհարկե, պետք է ընդառաջենք: Առաջին հերթին, մարդկանց անվտանգությունն է կարևոր»:
Նշենք, որ TezTour-ը Հայաստանից դեպի Եգիպտոս տուրիստական ճանապարհորդական փաթեթների հիմնական մատակարարն է:
Levon Travel ընկերության տնօրեն Անահիտ Փափազյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր երկու դեպք է գրանցվել, երբ ողևորները դիմել են նման հարցով:
«Դիմել ենք չվերթն իրականացնող ավիաընկերությանը, և երկու դեպքում էլ որոշումն ամբողջովին հօգուտ ուղևորների է կայացվել», – նշել է Փափազյանը:
Նույն պատասխանը մեզ տվեցին նաև Globe Travel ընկերությունում: Ըստ տնօրեն Հասմիկ Պետրոսյանի` գումարը վերադարձվում է, սակայն այս հարցը կապված է նաև ավիաընկերությունների հետ:
Հարցին, թե ինչպիսին է իրավիճակն այս պահին, ընկերության տնօրենը պատասխանել է, որ ստույգ տվյալներ ներկայացնել չի կարո. «Կան ուղևորներ, որոնք հանձնում են տոմսերը, կան, որոնք չեն հանձնում»:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել` խորհուրդ տալով ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ Եգիպտոս այցելելուց` հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը: