Այսօր վաղ առավոտվանից Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական հրապարակում հավաքվում են հազարավոր մարդիկ, ովքեր արձագանքել են ընդդիմության երեկվա կոչին միլիոնից ավելի մարդկանց մասնակցությամբ ցույց և երթ անցկացնել:
Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողը հրապարակից, այս պահին Թահրիրում և մերձակայքում արդեն իսկ ակնհայտորեն ավելի շատ մարդ կա,քան նախորդ օրերի ընթացքում:
«Կա տպավորություն, որ կազմակերպիչները կհավաքեն այնքան մարդ, որքան նախատեսում են: Գալիս են բոլորը` աղքատ և հարուստ, մեծ և փոքր, մահմեդական և քրիստոնյա: Թվում է` ամբողջ աշխարհն այստեղ է», – նշել է հեռուստաընկերության լրագրողը:
Եգիպտոսի խոշորագույն քաղաքներից մեկում` Ալեքսանդրիայում, ընդդիմությունը նույնպես պատրաստվում է մեկ միլիոն մարդուց բաղկացած երթ անցկացնել: Նշենք, որ Կահիրեում 17,5 միլիոն մարդ է բնակվում, իսկ Ալեքսանդրիայում 4,1 միլիոն:
Այսօր առավոտվանից Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը կոչ է անում մարդկանց դուրս չգալ փողոց բախումներից խուսափելու համար: Նշենք, սակայն, որ երեկ Եգիպտոսի բանակի ղեկավարությունը հայտարարել է, որ ուժ չի կիրառելու ցուցարարների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում հակակառավարական ցույցերը շարունակվում են մեկ շաբաթից ավելի, ոստիկանության և ցուցարարների բախումների արդյունքում զոհվել է 125 մարդ: