Ռուսաստանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանը հարձակում է գործելու Լեռնային Ղարաբաղի վրա: Հայաստանցի լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասել է Սևծովյան և Կասպյան տարածաշրջանների քաղաքական և հասարակական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
«Անգամ ամսաթիվն է հաղորդվում` ապրիլ ամիս: Բայց մենք հասկանում ենք, որ սա իրատեսական չէ: Անձամբ Իլհամ Ալիևը հասկանում է, որ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա միջազգային հանրության կողմից կդիտարկվի որպես ագրեսիա: Իսկ նա ոչ մի դեպքում չի ցանկանա ագրեսորի կարգավիճակում հայտնվել»,-պարզաբանել է վերլուծաբանը:
Ըստ Զախարովի` ռազմական գործողությունների վերսկսման դեպքում «ԱՄՆ-ն կճանաչի Ղարաբաղի անկախությունը:
«Այս մասին նրանք արդեն երկու անգամ նախազգուշացրել են: Այն ինչ վաղուց սպասելի է ԱՄՆ-ում, բոլորի համար անակնկալ կարող է թվալ: Ղարաբաղյան տարածաշրջանը չափազանց կարևոր է ԱՄՆ-ի համար, քանի որ այն դեպի Իրան տանող ամենակարճ ուղին է»:
Զարգացնելով իր տեսակետը` փորձագետը նշել է, որ ԱՄՆ-ն անմիջապես լեհերից, հույներից, չեխերից կազմված խաղաղապահ զորքեր կմտցնի Ղարաբաղ: Սակայն ավելի ուշ նրանք կփոխարինվեն ամերիկյան ռազմական ուժերով:
Պատասխանելով Ադրբեջանի և Ղարաբաղի միջև պատերազմի դեպքում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հարցին` Զախարովը ասել է.
«Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Եվ այս առումով Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ, սակայն հրաժարվել է նրանից, որ ղարաբաղյան կողմը մասնակցի բանակցային գործընթացին: Իսկ Հայաստանը օգնություն կստանա, քանի որ ՀԱՊԿ-ի օրենքների համաձայն` եթե որևէ երկրի վրա հարձակում են գործում, ՀԱՊԿ-ի անդամ պետությունները օգնություն են ցուցաբերում»: