Անցյալ շաբաթ կայացած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում «Ժառանգության» ԱԺ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երկու փաստաթուղթ է ներկայացրել, որոնցից մեկը հանքերի շահագործմանն էր վերաբերում, իսկ մյուսը մի գրավոր հայտարարություն է` Արցախի հանրապետության կայացումը որպես ժողովրդավարական պետություն:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և Զարուհի Փոստանջյանը խոսել են ԵԽԽՎ վերջին նստաշրջանում գրանցված արդյունքների մասին:
«Ես հարց պետք է հղեմ իշխող կոալիցիային. արդյո՞ք այն մարտավարությունը, որ իրենք որդեգրել էին Չավուշօղլուի հետ կապված` որպես հավանական ապագա ԵԽԽՎ նախագահ հարաբերություններ չփչացնելու և այդ նպատակով իր դեմ որևէ քայլ չձեռնարկելու, այս մեկ տարվա կտրվածքով իրենք արդարացվա՞ծ են համարում»,- այսպիսի հարց է հնչեցրել Խուրշուդյանը:
Զարուհի Փոստանջյանը նշել է, որ Հայաստանի ոչ ժողովրդավար իշխանությունների պատճառով է, որ իրական հաղթանակներ չենք կարողանում արձանագրել: Նա ասել է, որ Արցախի վերաբերյալ իր ներկայացրած փաստաթղթին միացել են 22 պետությունների ներկայացուցիչներ, և ցավով նշել է, որ դրանց շարքում չէր Ռուսաստանի ներկայացուցչի ստորագրությունը, ինչը, ըստ Փոստանջյանի, լուրջ հետևություններ անելու առիթ պետք է հանդիսանա հայաստանյան իշխանությունների համար:
«Եթե մեր դիվանագիտական աշխատանքը համապատասխան ձևով վարվի, մենք իրական հաջողություններ կունենք, ոչ թե կլինենք այս վիճակի մեջ: Արդեն 20 տարի է` մենք անկախ պետություն ունենք, սակայն մեր պետության ներկայացուցիչներ, պատգամավորները, դեսպանները ինչ-որ չափով չեն պատկերացնում, որ իրենք անկախ պետություն են ներկայացնում և պետք է անկախ պետության քաղաքականություն վարել, և ոչ թե իրենց քաղաքականությունը համահունչ դարձնել այլ պետությունների վարած քաղաքականությունների հետ»,- հայտարարել է Փոստանջյանը:
Հովսեփ Խուրշուդյանն էլ նշել է, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանին չի հաջողվել նույնիսկ մեկ դեմ ձայն ստանալ այն մասով, որը վերաբերում է Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերաբացմանը:
«Մեր նպատակը պետք է լինի ամեն կերպ ձախողել այդ ենթահանձնաժողովի աշխատանքները, և մենք կարող ենք դա անել, եթե պատվիրակության կազմն ավելի ուժեղացնենք, և իրապես ժողովրդավարական պետության տեսլական ունենանք: Եթե մենք մեր երկրում չունենանք քաղաքական հայացքների համար բանտարկված մարդիկ, խոսքի ազատության հետ կապված խնդիրներ չլինեն, մենք ավելի դրական և շահեկան դիրքում կլինենք միջազգային ասպարեզում: Իսկ այս պայմաններում հարց է ծագում այլ երկրների մոտ` իսկ ո՞ւմ հետ ենք մենք նստում, ինչի՞ մասին բանակցում. մի պետության հետ, որտեղ կան այսքան թվով քաղաքական հայացքների համար դատապարտվածներ»,- հայտարարել է Փոստանջյանը: