Այսօր «Արթիկ» ՔԿՀ-ում նախատեսվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը չի կայացել: Նիկոլ Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը Epress.am-ին տեղեկացրել է, որ դեպի Արթիկ տանող ճանապարհի Մաստարայի հատվածի անանցանելիության պատճառով իրենք չեն կարողացել տեղ հասնել:
Վերջինս նաև նշել է, որ, իր ունեցած տեղեկությունների համաձայն, դատախազը և դատավորը ևս չեն կարողացել անցնել այդ հատվածը, որպեսզի մասնակցեն դատավարությանը:
Երբ կկայանա դատական հաջորդ նիստը դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ այսօր առավոտյան լրագրողների մեքենան նույնպես չի կարողացել հասնել Արթիկ:
Հետդարձի ճանապարհին մեքենան, որի մեջ եղել են վարորդը և 4 լրագրողներ` Epress.am-ի թղթակից Լիլիթ Թադևոսյանը, օպերատոր Տիգրան Հակոբյանը, «Առավոտ» և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը և «Ֆոտոլուր» գործակալության ֆոտոլրագրող Տիգրան Թադևոսյանը, շրջվել է և գլորվել է ձորակը:
Բարեբախտաբար, մարդկանց ոչինչ չի պատահել, վնասվել է միայն մեքենան: