Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը իրականանալի է, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ն զբաղված է միայն սեփական փիառով, երեքշաբթի հայ լրագրողների հետ կայացած մամլո ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Սևծովյան և Կասպյան տարածաշրջանների քաղաքական և հասարակական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
Մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը` Զախարովն անգամ անեկդոտ է պատմել` «Ինչպես հին անեկդոտում էր` դու ընտրիր, թե որտեղ է ավելի լավ ապրել, և այնտեղ էլ ապրիր: – Դե~,- պատասխանում է`,- և այստեղ է վատ, և այնտեղ-ամենալավը` ճանապարհին է»: Դե համանախագահներն էլ մեկնում են այս երկրից այն երկիր, ամենուր լավ է: ՄԽ-ն` դա այն մարդիկ են, ովքեր սեփական փիառն են ստեղծում և բավականաչափ գումար են ստանում այդ ամենից»,- հայտարարել է Վլադիմիր Զախարովը:
Բացի այդ, նա նաև նշել է, որ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման գործընթացի հարցում Հայաստանն այն կարծիքին է, որ դա կարող է խաթարել գոյություն ունեցող ստատուս-քվոյի կարգավիճակը: «Սակայն Հայաստանը պետք է վերջապես ինչ-որ բան որոշի: Հայաստանի խորհրդարանի պատգամավորները պետք է հասկանան ու միանվագ ասեն` «Եկեք վե՛րջ տանք այս միջանձնային լարված հարաբերություններին և մտածենք, թե ինչ է հնարավոր անել Ղարաբաղում խաղաղություն հաստատելու համար»:
Զախարովը վստահ է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը:
«Երբ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիան և Աբխազիան, դուք լավատեղյակ եք, թե ինչ աղմուկ բարձրացավ: Սակայն Ռուսաստանը դիմեց այդ քայլին: Եվ չպետք է սպասել, թե երբ կսկսվեն ռազմական գործողությունները: Ավելի լավ է նախապես գնալ այդ քայլին, քանի որ այդ դեպքում Հայաստանը հնարավորություն կստանա օրինական ճանապարհով միջկառավարական համաձայնագիր կնքել Ղարաբաղին ռազմական օգնություն և աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ»:
Զախարովի կարծիքով` Հայաստանի ղեկավարությանը անհրաժեշտ է մտածել և գնալ այդ քայլին: «Իսկ ինչո՞ւ վախենալ, թե ինչ կասի օվկիանոսից այն կողմ գտնվող քեռին: Միևնույն է` նաև երբեք գոհ չի լինի»,- եզրափակել է ռուսաստանցի փորձագետը: