Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի պաշտոնանկությունից հետո լուրեր տարածվեցին, թե ՌԴ իրավապահները լուժկովյան չարաշահումների թղթապանակի շրջանակում կազմել են հայաստանյան պաշտոնյաների մի ցանկ, որտեղ ընդգրկվածները և անցնում են չարաշահումների գործով, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը տպագրեց մարդկանց այդ ցանկը` նշելով, որ համապատասխան փաստաթղթերն ու ցանկը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Դրանից օրեր անց` ցուցակում ընդգրկված օլիգարխները` ՀՀԿ-ականներ Ռուբեն Հայրապետյանը, Լևոն Սարգսյանը և Սամվել Ալեքսանյանը թերթից հերքում պահանջեցին: Ի պատասխան թերթը բացահայտեց իր աղբյուրը և հարցազրույց անցկացրեց ՌԴ քաղաքացի Սմբատ Կարախանյանի հետ, որը հաստատեց այդ ցուցակի առկայությունը: Դրանից հետո կրքերը մարեցին: Սակայն Ռուբեն Հայրապետյանը, բնավորության համաձայն, սկսեց բարձրաձայնել, թե հետամուտ է լինելու թերթին դատի տալու հարցում: Եվ քանի որ Սմբատ Կարախանյանը ՌԴ քաղաքացի է, Նեմեց Ռուբոյին մնում էր նախ դատական գործընթաց սկսել վերջինիս դեմ: Մեր տեղեկություններով` Նեմեց Ռուբոն նախագահականում խոստացել է, թե ինքը կմեկնի Մոսկվա և այնտեղ Սմբատ Կարախանյանի հետ հարցերը կլուծի: Եվ ահա օրերս Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) մեկնել է Մոսկվա, և այնտեղ հայտարարել է, թե իբր նախագահականից իրեն են հանձնարարել լուծել այս հարցը: Արդյունքում` Նեմեց Ռուբոն ընկել է դռնեդուռ, որպեսզի միջնորդ գտնի, ով կկարողանա Կարախանյանի հետ խոսել և օգնել հաշտության գալ: Մեր տեղեկություններով` առայժմ Նեմեցի փնտրտուքները արդյունք չեն տվել: