Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում քննվել է Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Վարդգես Գասպարիի դատական հայցն ընդդեմ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ): Դատական նիստը վարում էր դատավոր Մխիթար Պապոյանը, իսկ ՀՔԾ-ի ներկայացուցիչն էր ավագ քննիչ Գևորգ Գևորգյանը: Նշենք, որ նոյեմբերի 12-ին ՀՀ դատախազության դիմաց ընթացող ընդդիմության ակցիայի ընթացքում ոստիկանները հրել են Վարդգես Գասպարիին, որի պատճառով նա ընկել է: Այդ կապակցությամբ Գասպարին բողոք է ներկայացրել ՀՔԾ-ի դեմ:
Դատավարության ժամանակ Վարդգես Գասպարին սկսել է ընթերցել իր հայտարարությունը.
«ՀՀ Դատախազությունը ՀՀ Ոստիկանության հետ միասին հանդիսանալով հանցաշխարհի կիպ-կից գործընկերներ` բազմիցս է ապացուցել իր հավատարմությունը քրեական անձանց խմբերին և իշխանական վերնախավին, մասնավորապես, հնարավոր և անհնար միջոցներով հանցագործությունները կոծկելու եղանակով»:
Գասպարին չի հասցրել ավարտել իր խոսքը, երբ նրան ընդհատել է դատավորը, սակայն, ինչպես Epress.am-ին տեղեկացրել է Գասպարին, իր պնդումներից հետո նրան թույլ են տվել անել իր հայտարարությունը:
«Առ այսօր ՀՀ Դատախազությունը շարունակում է իր թիկունքում թաքցնել 2008 թվի մարտի 1-ի մարդասպաններին: Միայն մարդկային հատկանիշներից զուրկ, ինկուբատորում աճեցրած արարածները կամ կատարյալ անմեղսականները կկարողանային այդքան բութ հայացքներով հայտարարել, որ անկարող են 4 հոգու մեջ գտնել 3 մարդասպաններին: Անձամբ դուք` քննիչ Գ. Գևորգյանդ որպես դատախազության հանցախմբի միավոր, 2009 թվին պաշտպանելով «Նուբարաշեն»-ում իմ նկատմամբ բռնություն գործած կրկնահանցագործների շահերը, ջանասիրաբար կատարելով ձեր պարտքը` հասցրեցիք հայտարարել, որ հանցագործության մասին փաստեր չեք հայտնաբել: Հետևաբար ի պաշտոնե դուք կոչված եք ոչ թե հանցագործությունը բացահայատելու, այլ ձեր ուժերի ներածի չափ այն կոծկելու համար: Մասնավորապես, սույն գործով ինձանից բացատրություն վերցնելիս ստել եք, արել եք կեղծ հայտարարություն, բառացիորեն ասելով, որ իմ հիշատակած կայքերում որևէ միջադեպ պատկերված չէ, այլ լրագրողները հարցազրույցներ են վերցնում և այլն: Ես ի թիվս կատարված և իմ կողմից հիշատակած փաստերի հայտարարում եմ այս գործի հետ կապված անձամբ քննիչ Գ. Գևորգյանիդ տվյալ հանցավոր, քրեորեն պատժելի գործողության փաստը»,- իր հայտարարությունն ավարտել է Գասպարին:
Նշենք, որ սույն գործով դատավճիռը հրապարակվելու է այսօր 17:30-ին: