Սուդանի և Եգիպտոսի իրադարձությունները մի շղթա են, որոնք շարունակություն են ունենալու և չեն կարող կանգ առնել: Հայաստանցի լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Սևծովյան և Կասպյան տարածաշրջանների քաղաքական և հասարակական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
Նրա խոսքով` 5-7 տարիների ընթացքում աշխարհի քարտեզի վրա նոր պետություններ ի հայտ կգան: «Թե որքանով է դա իրատեսական և որքանով դրանք իրական պետություններ կլինեն ` ժամանակը ցույց կտա: Ամերիկացիների համար ներկայումս անհրաժեշտ է վերացնել յալթյան-պոտսդամյան համաձայանագրերը և սկսել աշխարհի վերակազմավորումը: Ահա թե ինչու են տեղի ունենում այս իրադարձությունները», – ասել է բանախոսը:
Հոսնի Մուբարաքի 30-ամյա կառավարման ընթացքում ամեն ինչ կայուն էր, վստահ է Զախարովը, «և հանկարծ հայտնվեց նոր մարդ, որը երբևէ չի եղել Եգիպտոսում և որը ինչ-որ նոր գաղափարներ է առաջարկում»:
«Նման իրավիճակ կարելի է գտնել թե աֆրիկյան, թե ասիական աշխարհամասի ցանկացած երկրում: Այդ իսկ պատճառով սարսափելի է այն, որ միայն Եգիպտոսով գործընթացը չի ավարտվի»:
Այս համատեքստում անդրադառնալով նաև Հայաստանին` ռուսաստանցի վերլուծաբանը նշել է, որ «վատ օրինակը միշտ վարակիչ է և չպետք է մտածել, որ նման բան երբեք տեղի չի ունենա»:
«Այստեղ կարևոր է շատ լուրջ վերաբերվել այս իրադարձություններին և նրան, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, քանի որ գազի հետ կապված մարտյան թանկացումները պարզապես աղետալի կլինեն»,- հայտարարել է Զախարովը, հավելելով, որ Ռուսաստանը նույնպես պետք է մտածի այս հարցի շուրջ, «քանի որ Հայաստանում բավական շատ մարդիկ կան, ովքեր հազիվ են ծայրը ծայրին հասցնում»:
«Հիմա գազի թեման թերևս ամենագլխավորը կլինի թե ընդդիմադիրների և թե ազգաբնակչության համար, այդ իսկ պատճառով կառավարությունը պետք է Միլերի և «Հայռուսգազարդ»-ի հետ պայմանավորվածության գալու առավել շահավետ տարբերակներ գտնի»,- եզրափակել է Զախարովը: