Մինչ այժմ ժողովրդի ցույցերին չմիջամտող եգիպտական զինվորականները, սկսել են ձերբակալել ցուցարարներին: Այս մասին հինգշաբթի` փետրվարի 3-ին, հայտարարել է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը:
Ներկայումս հայտնի է, որ ձերբակալություններն իրականացվել են Կահիրեյում: Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության բլոգի տեղեկությունների համաձայն, ժողովրդին ձերբակալում են Աբդել-Մունիմ-Ռիյադ հրապարակի վրա: Միաժամանակ, ցույցերի հիմնական տեղ է մնում Թահրիր հրապարակը (Ազատության հրապարակ):
Հղում անելով Եգիպտոսի առողջապահության նախարար Ահմեդ Սամիհ Ֆարիդայի հայտարարությանը` «Ալ-Ջազիրան» հաղորդում է, որ Հոսնի Մուբարաքի համախոհների և հակառակորդների միջև ծագած գիշերային բախումների արդյունքում 5 մարդ զոհվել է, ևս 836-ը` վիրավորվել: Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհերի մասին: