Հեղափոխությունները ոչ միայն ներկրված են լինում: Դրսից անել այնպես, որ միլիոնավոր մարդիկ դուրս գան փողոց առանց որևիցե պատճառի, պարզապես անհնար է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Անդրադառնալով հեռուստաեթերից զրկված «ԱԼՄ» հոլդինգի սեփականատեր, Ժողովրդական Կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի կողմից անցկացվող հանրահավաքներին` Իսկանդարյանն ասել է. «Հայաստանում առկա իրավիճակը հնարավորություն է ստեղծում գրեթե ցանկացած առիթի դեպքում բավական լուրջ թվով մարդկանց փողոց դուրս բերել: Դա մենք գիտեինք առանց պարոն Կարապետյանի»:
Իսկ այն հարցին, թե արդյոք Տիգրան Կարապետյանի հանրահավաքներին մասնակցում են նաև ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին ներկա գտնվող քաղաքացիները, քաղաքագետը պատասխանել է, որ ցանկացած ընտրության ընթացքում «ոչնչից մի նոր ուժ է ի հայտ գալիս»:
«Սա վկայում է այն մասին, որ ժողովուրդը սոցիալական բնույթի դժգոհություններ ունի: Այն կազմավորված չէ և չունի քաղաքական արտահայտություն: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր նոր ուժի հետևից որոշակի քանակությամբ մարդիկ են գնում»,- պարզաբանել է Իսկանդարյանը:
Փորձագետի խոսքով` Լևոն Տեր-Պետրոսյանը «շատ լավ արտահայտեց բողոքական տրամադրությունները, փաստորեն ասելով` ես ինքս բողոք եմ, ես եմ դժգոհությունը»: Տիգրան Կարապետյանին, իհարկե, չի հաջողվում նման հաջողության հասնել, քանի որ ընտրություններ չկան, կարծում է քաղաքագետը:
«Տերպետրոսյանական հանրահավաքները հստակ կենտրոնացված են: Մարդկանց, ովքեր այնտեղ կանգնում են, ես դեմքով եմ ճանաչում: Նրանք իսկապես այդ ընդդիմադիր ուժի կողմնակիցներն են: Իսկ այն հանրահավաքները, որ Կարապետյանն է կազմակերպում այլ բնույթի են, և նա հավաքում է բավական սպեցիֆիկ զանգված: Այդ լսարանին նա կարողացել է հավաքել իր հեռուստատեսության շնորհիվ»,- եզրափակել է Կովասի ինստիտուտի տնօրենը: