Յեմենի մայրաքաղաք Սանայում այս պահին բազմահազարանոց ցույցեր են անցնում: AFP գործակալության հաղորդմամբ` ցույցերին մասնակցում են ինչպես գործող իշխանության հակառակորդները, այնպես էլ կողմնակիցները:
Հակակառավարական ցույցերը Յեմենում սկսվել են հունվարի 27-ին: Ցուցարարները պահանջում են գործող նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում Սալեհը հայտարարել էր, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել նոր նախագահական ընտրություններին, ինչպես նաև խոստացել էր, որ երկրի նախագահի պաշտոնին չի առաջադրի իր որդուն:
Ալի Աբդուլա Սալեհը Յեմենի նախագահն է 1978 թվականից: 2006 թվականին վերընտրվել է ևս 7 տարի ժամկետով: Խորհրդարանը վերջին ամսվա ընթացքում քննարկում էր Սահմանադրության կետերից մեկը փոփոխելու վերաբերյալ նախագիծը, որը թույլ կտա ներկայիս նախագահին ցմահ մնալ իր պաշտոնում: