Home / Հայաստան / Նախարարը վստահեցնում է, որ լուծարված ծառայության աշխատակիցներն աշխատանք են ստացել

Նախարարը վստահեցնում է, որ լուծարված ծառայության աշխատակիցներն աշխատանք են ստացել

Փետրվար ամսին կենսաթոշակները սկսել են բաժանել երեկվանից: Վճարման առաջին օրվա ընթացքում արդեն իսկ բաժանվել է 1 մլրդ դրամ: Այս մասին այսօրվա ՀՀ կառավարության նիստի ընթացքում տեղեկացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը` պատասխանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կենսաթոշակները բաժանելու ընթացքին մասին հարցին:

Գրիգորյանը նշել է, որ հունվար ամսին իրենք սկսել էին կենսաթոշակները բաժանել հունվարի 5-6-ից, իսկ փետրվարին այդ գործընթացը ավելի վաղ է սկսվել: Արդեն իսկ բաժանված 1 մլրդ. դրամը կազմում է Երևան քաղաքում կենսաթոշակ ստացողների մոտավորապես 25 տոկոսը:

Նա նշել է, որ հերթերի հետ կապված խնդիրները նույնպես կանոնակարգվում են:
«Երեկվա դրությամբ, պետք է ասեմ, որ ամեն ինչ նորմալ է եղել, թոշակները նորմալ բաժանվել են: Եվ հավելեմ նաև մեկ բան, պարոն վարչապետ, որ, լուծարված վճարային ծառայության աշխատակիցների հետ կապված շուրջ 31 մարդ արդեն «Հայփոստ»-ի կողմից ընդունվել է աշխատանքի, 121 մարդ հրաժարվել է աշխատանքից, և այս ընթացքում, երբ այլ վճարահաշվարկային կազմակերպությունների հետ նախարարությունը կնքեց պայմանագրեր, արդեն այդ վճարահաշվարկային կազմակերպություններում են ընդունվել աշխատանքի, և այս առումով երեկվա տվյալներով 122 աշխատակիցներ ընդգրկվել են արդեն այլ վճարահաշվարկային կազմակերպություններում աշխատանքի», – ասել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Սոցապահովության վճարումների ծառայության նախկին աշխատակիցները մի քանի անգամ բողոքի ցույցեր են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ` նշելով, որ իրենց ծառայությունը լուծարվել էր նոյեմբերի 4-ին, իսկ, բողոքողների խոսքերով, իրենք այդ մասին տեղեկացել են միայն դեկտեմբերի 26-ին: Ծառայության 270 աշխատակիցներ մնացել էին առանց աշխատանք: Հավաքված մարդիկ պահանջում էին իրենց աշխատանքի ընդունել: