Ներկայումս Եգիպտոսում և Թունիսում տեղի ունեցող իրադարձությունները անխուսափելիորեն կկրկնվեն նաև Ռուսաստանում, մնում է միայն համբերել և ականատես լինել նրան, թե ինչ կերպով կդրսևորվի դա այս երկրում, պորտուգալական «Lusa» պարբերականի հետ զրույցում հայտարարել է աշխարհաքաղաքական խնդիրներով զբաղվող Ակադեմիայի նախագահ, գեներալ Լեոնիդ Իվաշովը:
«Երբ իշխանություններն ու ժողովուրդը հակառակորդներ են համարվում, անխուսափելի են արմատական փոփոխությունները»,- կարծում է Լեոնիդ Իվաշովը, ով ՌԴ Զինված Ուժերի Գլխավոր շտաբում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների պատասխանատուն է:
«Բաց է մնում միայն այն հարցը, թե ինչ ձև կընդունեն նմանատիպ զարգացումները Ռուսաստանում: Դա կլինի բռնի ապստամբությո՞ւն, թե՞ իշխանություններն իրենց մեջ արմատական բարեփոխումներ մտցնելու ուժ կգտնեն: Դեռևս իշխանությունները ոչ մի դրական փոփոխություններ չեն իրականացրել երկրում, ընդհակառակը, ամեն ջանք գործադրում են արգելափակելու ժողովրդի մեծամասնության շահերը ներկայացնող կուսակցությունների և հասարակական շարժումների զարգացումը»,- ընդգծում է նա:
Գեներալը ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ ռուսական կառավարությունը ձգտում է համագործակցել ոչ այնքան ազատական ընդդիմադիր կուսակցությունների հետ, որքան` ազգայնական շարժումների: