Այս տարվա հունիսի 4-ից նոյեմբեր 24-ը Վենետիկում ILLUMInations խորագրի ներքո անցկացվելու է ժամանակակից արվեստի 54-րդ բիենալեն, որին մասնակցելու է նաև Հայաստանը: ժամանակակից արվեստը ներկայացնող հեղինակավոր այդ միջոցառմանը մեր երկիրը մասնակցում է 1995 թվականից:
54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսարն է Վիկտոր Մնացականյանը, ով տաղավարի հայեցակարգային նախագծի մշակումը վստահել է համադրողների խմբին: Վերջինս կազմում են Արմինե Անտիկյանը, Վարդան Ազատյանը, Ռուբեն Արևշատյանն ու Նազարեթ Կարոյանը:
Արդեն ընտրվել են այն մասնակիցները, ովքեր կլինեն Հայաստանի դեմքը Վենետիկի բիենալեում: Մեր երկիրը կներկայացնեն Մհեր Ազատյանը, Գրիգոր Խաչատրյանը և Աստղիկ Մելքոնյանը: Երեք սերնդի արվեստագետները բազմիցս ներկայացել են միջազգային խոշոր ցուցահանդեսներում, շահել են մրցանակներ՝ արժանանալով միջազգային մասնագիտական շրջանակների ուշադրությանը և բարձր գնահատակին:
Վարդան Ազատյանը նշել է, որ առաջին անգամ արվեստագետների ընտրությունը կատարվել է ոչ թե մեկ համադրողի, այլ համադրողների խմբի կողմից: Բացի դա, առաջին անգամ արվեստագետների ընտրության գործընթացին չի մասնակցել Նորարար Փորձարարական Արվեստի Կենտրոնը (ՆՓԱԿ), որը նախորդ տարիներին ընտրում էր արվեստագետներին և զբաղվում էր ֆինանսների բաշխմամբ:
Ազատյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների, Հայաստանն այս տարի նոր մոտեցում կներկայացնի Վենետիկում:
«Տարբերությունն այն է, որ մենք համագործակցում ենք այլ ազգային տաղավարների հետ, ինչը ենթարդում է այլ տիպի աշխատանք, քան պարզապես գործերի ցուցադրություն: Մեր ծրագիրը կունենա ոչ միայն վիզուալ ներկայացուցչական մաս, այլև բնույթով կլինի ավելի հաղորդակցական և դիսկուրսիվ», – ասել է Ազատյանը: