Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը նամակ է հղել Թուրքիայի կառավարությանը` գոհունակություն հայտնելով այն փաստի կապակցությամբ, որ երկրի իշխանությունները քայլեր են ձեռնարկել ոչ մահմեդականների կրոնական հավաքների վայրերի պահպանման ուղղությամբ, հաղորդում է Today’s Zaman-ը:
Միևնույն ժամանակ, Համմարբերգը վերահաստատել է իր պահանջը` կոչ անելով Թուրքիայի կառավարությանը վերաբացել Հեյբելիադայի (Հալկի) հունական Ուղղափառ հոգևոր ճեմարանը, ինչպես նաև հանել քրիստոնյա հոգևորականների, այդ թվում նաև հայ հոգևորականների պատրաստմանը խոչընդոտող սահմանափակումները:
Համմարբերգը նաև նշել է, որ Թուրքիան բավական դանդաղ է իրականացնում Եվրոպական դատարանի այն պահանջները, որոնք կապված են կրոնի ազատության հետ:
Խնդիրը, մասնավորապես, կապված է Թուրքիայում մեծ թիվ կազմող ալեվիների համայնքի հետ: Համմարբերգը նշում է, որ դեռևս խնդիրներ կան` կապված պետության կողմից ալեվիների հոգևոր հավաքատեղիների` սեմեվիների չճանաչման հետ:
ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը նաև կոչ է արել լուծել Թուրքիայի քաղաքացիների անձնագրերի հետ կապված խնդիրները, որտեղ նշվում է անձի կրոնական պատկանելությունը: Նշենք, որ 2010 թվականին Ստրասբուրգի դատարանը որոշում էր կայացրել, որ Թուրքիայի քաղաքացիների անձնագրերում կրոնական պատկանելությունը նշելը խախտում է դավանանքի ազատության իրավունքը: