«Հրապարակ» օրաթերթը զրուցել է Կարեն Անդրեասյանի հետ, ով համաձայն մամուլում շրջանառվող լուրերի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հիմնական թեկնածուն է:
Մարդու իրավունքների պաշտպանի համար հարմար դերակատարի փնտրտուքը, ասում են, ավարտվել է: Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել իրավաբան Կարեն Անդրեասյանի թեկնածության վրա: Թեև մինչ այդ քննարկվում էին նաև արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի, իրավաբան Վարդան Պողոսյանի, Վիկտոր Մնացականյանի, Շուշան Դոյդոյանի, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի անունները: Թե ինչու է հավանական թեկնածուներից «լավագույնը» համարվել հենց Կարեն Անդրեասյանը, դժվար է ասել, առավել ևս, որ նա հանրությանը հայտնի է որպես խոսքի ազատությունը սահմանափակող` վիրավորանքի և զրպարտության հետ կապված օրենսդրական փոփոխությունների նախագծի հեղինակ, ինչպես նաև «Արմենիա» հեռուստաընկերությունից` իր «Իրականում» հաղորդաշարով:
Երեկ մեզ հետ զրույցում Կարեն Անդրեասյանն ասաց, որ իրեն դեռ առաջարկ չի եղել, և ինքը չի ցանկանում խոսել այդ թեմայով: Հարցին, թե պաշտոնական առաջարկի դեպքում կհամաձայնի՞, նա պատասխանեց. ««Եթե» -ներով ճիշտ չի նման բաների մասին խոսել: Էսօր իմ աշխատանքն ինձ բավարարում է, և մեծ հաճույքով աշխատում եմ: Վճարովի հիմունքներով անում եմ իրավաբանական ծառայություն, պաշտպանում եմ մարդկանց իրավունքները ուղղակի մասնավոր ընկերությունում»: «Այսինքն կհրաժարվե՞ք առաջարկից» հարցին` Անդրեասյանը նորից պատասխանեց. ««Եթե»-ներով չեմ ուզում պատասխանել, էդպես ստացվում է, որ ինչ-որ խոստում եմ տալիս, բայց հիմա ինձ իմ աշխատանքը շատ բավարարում է»: Ավելին, մամուլում և մյուս լրատվամիջոցներում ընթացող քննարկումներն իր թեկնածության շուրջ, պարզվում է, հաճելի չեն և անգամ շեղում են Անդրեասյանին իր բնականոն աշխատանքից: Նա անգամ չգիտի, թե ովքեր են այդ լուրերը տարածողները: