Երեկ Արարատի մարզի Սիփանիկ համայնքում գտնվող ձկնաբուծարանում կայացել է «Վարչապետը ձկնաբուծարանում ջրաչափ է տեղադրում» օպերացիան: Բայց` առանց վարչապետ Տիգրան Սարգսյանի, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Չնայած Տիգրան Սարգսյանը ձկնաբույծների հետ հանդիպման ժամանակ կատեգորիկ հայտարարել էր, որ ջրաչափերը պարտադիր պետք է տեղադրվեն բոլոր ձկնաբուծարաններում, և խուսափողները պատասխանատվության կենթարկվեն, երևում է` նրա շրջապատում, այնուամենայնիվ, գտնվել է գործից հասկացող մարդ, որը խորհուրդ է տվել չգնալ և ջրաչափի ծրագրի տապալմանն ականաատես չլինել: Ինչպես մեզ փոխանցեցին ձկնաբույծները, երեկ առավոտյան ժամը 10-ից նրանք Սիփանիկում են եղել: Մինչև երեկոյան 5-ն ընթացել են ջրաչափերի տեղադրման և փորձարկման աշխատանքները, որոնց ներկա է եղել նաև պետական պաշտոնյաներ, ջրաչափի տեղադրման և հատկապես ներկրման ջերմ կողմնակիցներ:
Ձկնաբույծները կարողացել են առանց դժվարության ապացուցել, որ իրենք ճիշտ են: Բանն այն է, որ խոշոր խմբաքանակներով ներկրման ենթակա, գովական ջրաչափը իրականում պետությանը զգալի կորուստներ կպատճառի, որովհետև, ինչպես ցույց է տվել երեկվա փորձարկումը, այն խորքային հորից արտամղված ջրի քանակը պակաս է ցույց տալիս: Ջրաչափը աշխատում է այնպիսի ռեժիմով, որ ջրի ճնշումը ընկնում է 25 տոկոսով: Օրինակ, 50 լիտր ջուրը մղված մոնիտորինգի եղանակով երևում է 48 լիտր, այսինքն` ճշգրիտ օգտագործվածի չափով, իսկ ջրաչափով երևում է 37 լիտր: Ձկնաբույծների խոսքերով` ջրաչափի կողմնակիցները շշկռված են մնացել, իսկ ներկրման մոնոպոլիան կորցնող Արա Սանթոսյանը ցայտնոտի մեջ է ընկել:
Փորձարկմանը հրավիրված են եղել նաև Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի հիդրոերկրաբաններ, որոնք կրկին պնդել են մոնիտորինգի եղանակով ջուրը չափելու արդյունավետության մասին իրենց տեսակետը: Ավելի ուշ տեղեկացանք, որ աչքներին չհավատալով` կրկնակի են ստուգել մոնիտորինգի եղանակով ջրի քանակի չափումը, բայց դարձյալ մնացել են ձեռնունայն` մոնիտորինգը ավելի օբյեկտիվ և արդյունավետ է եղել, քան ջրաչափը: Ձկնաբույծները կարծում են` Տիգրան Սարգսյանը այլևս չի կարողանա որևէ տրամաբանական հիմնավորում գտնել ձախողված ջրաչափերի տեղադրման պահանջի համար: Իսկ եթե կպահանջի` ուրեմն` ձկնաբույծները մեկ մարդու պես ոտքի կելնեն: