Ըմբոստությունն ընկալումներից է գալիս: Հայերի մոտ, թեպետ նրանք վատ են ապրում, նման ըմբոստություն գոյություն չունի: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, վերլուծելով Հայաստանի սոցիալական վիճակը և խոսելով մեր երկրում Եգիպտոսի դեպքերի կրկնության հնարավորության մասին, նման կարծիք է հայտնել «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
«Այն ինչ տեղի է ունենում Եգիպտոսում, և կանխատեսվում, որ դա կարող է և Հայաստանին էլ անցնի` նման գունավոր հեղափոխություն, դրա սոցիալական հիմքը գոյություն չունի», – ասել է Ադիբեկյանը:
Նրա խոսքով` չի կարելի կանխատեսել, որ ապագա քաղաքական պայքարը Հայաստանում կգնա սոցիալական դժգոհության հիմքի վրա:
«Մեզ մոտ մարդիկ աղքատ են, բայց իրենց աղքատ չեն համարում, մեր հոգեբանությունն այդպիսինն է, որ աղքատ համարեին, դուրս կգային: Ըստ մեր հարցումների` ընչավորների տոկոսն ընդամենը 3-4 տոկոս է, նրանք էնքան ընչավոր են, որ չեն հավատում սեփական ուժերի մեջ, որ կարող են դուրս գալ փողոց ու մի բան անել: Այն, ինչ-որ Եգիպտոսում է տեղի ունենում, շատ նման է գունավոր հեղափոխություններին, որի հեղինակը Ամերիկայի նախկին հետախուզական վարչության գնդապետ է, որը Վրաստանում և Ուկրայինայում կարողացավ հաջողությամբ պսակել հեղափոխությունները»,- ասել է Ադիբեկյանը: Գնդապետի անունը բանախոսը, սակայն, չնշեց:
Նա տարբեր երկրներում հեղափոխական գործընթացներում կարևորել է կրոնական և մշակութային գործոնը:
«Գոյություն ունի իսլամական սոցիալիզմ, իսլամը դա համայնքային կրոն է, իսկ արևմտյան մոդելը` եվրոպական կապիտալիզմը, անհատականացված է, լիբերալ է. ես հարուստ եմ, եթե դու աղքատ ես, դա քո պրոբլեմն է: Եգիպտոսի դեպքերը կարող է տանել համընդհանուր իսլամացման, սա ալերգիա է եվրոպական երկրների հանդեպ»,- պարզաբանել է բանախոսը:
Նա ասել է, որ բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանը գունավոր հեղափոխությունների տարածք չէ: