Home / Հայաստան / Հրանտ Դինք և Վահան Խալաֆյան. Փաշինյանի հայ-թուրքական զուգահեռը

Հրանտ Դինք և Վահան Խալաֆյան. Փաշինյանի հայ-թուրքական զուգահեռը

Հունվարի 19-ին գրված և այսօր հրապարակված հոդվածում «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը զուգահեռ է անցկացրել 2007 թվականին սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի և 2010 թվականի գարնանը Չարենցավանի ոստիկանության բաժնում մահացած Վահան Խալաֆյանի միջև:

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Հունվարի 19-ի լրատվական թողարկումները հասկանալիորեն անդրադարձան ստամբուլահայ «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցին: Հիմնական շեշտադրումերը հետևյալն էին. եթե թուրքական ոստիկանությունը ցանկանար` հանցագործություն տեղի չէր ունենա, դատավարությունն ընդամենը արդարադատության ֆարս էր, սպանության ոչ բոլոր մեղավորներն են հայտնաբերված, Հրանտ Դինքը սպանվեց հայ լինելու պատճառով… Հրանտ Դինքի սպանությունը մեր ժողովրդի` 21-րդ դարասկզբի պատմության ամենաողբերգական իրադարձություններից է, և այս թեմայի շուրջ մտորելով` լրատվական ռադիոթողարկումներին հետևելիս զարմանալի զուգահեռի բախվեցի:

Մտքերի մեջ ընկած` մի պահ կարծեցի, թե մտածումներիս զուգահեռ հեռարձակվող ռեպորտաժը Հրանտ Դինքի սպանության մասին է: Բայց ինչ-որ բան տարօրինակ էր թվում, և ուշադրությունս կենտրոնացնելով` հասկացա, որ ուրիշ ռեպորտաժ էր եթերում, ոչ Հրանտ Դինքի սպանության մասին, և այս արձանագրումն ինձ ցնցեց. այն պարզ պատճառով, որ Հրանտ Դինքի սպանության հետ կապված շեշտադրումները, որ լսել էի ամբողջ օրվա ընթացքում, կիրառելի էին նաև այն դեպքի համար, որի մասին պատմող ռեպորտաժը անուշադրության պատճառով շփոթել էի Դինքի սպանության տարելիցին նվիրված ռեպորտաժի հետ: Հունվարի 19-ը, պարզվեց, նաև նախորդ գարնանը Չարենցավանի ոստիկանության բաժնում սպանված (մահացած) 24-ամյա Վահան Խալաֆյանի ծննդյան օրն է, և նրա հարազատների շեշտադրումները շատ նման էի Դինքի շրջապատը ներկայացնող մարդկանց փաստարկներին: Այս զուգահեռը ինքս էլ շարունակեցի և ահա հանգեցի հետևյալ մտքերին:

– Եթե Հայաստանի ոստիկանությունը ցանկանար, Վահան Խալաֆյանը կենդանի կլիներ այսօր:

– Վահան Խալաֆյանի գործով դատավարությունն ընդամենը արդարադատության ֆարս էր: Տեղի ունեցածի ոչ բոլոր մեղավորներն են կանգնել դատարանի առջև:

– Վահան խալաֆյանը սպանվել է հայ լինելու պատճառով:

Եթե վերջին թեզը ձեզ կասկածելի է թվում` իզուր: Որովհետև ոչ մի ոստիկան, հայաստանցի ոստիկան չէր համարձակվի որևէ օտարերկրացու անհիմն ոստիկանության բաժին տանել, խոշտանգել և սպանել (կամ հասցնել ինքնասպանության):

Սա ասում եմ ոչ որպես տեսական թեզ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եղել եմ արտասահմանյան քաղաքացիների խցի հարևանությամբ գտնվող խցում և պատասխանատվությամբ ասում եմ. եթե որևէ հայ կալանավոր խցում աներ նույնը, ինչ արտասահմանցիներն էին անում, ՔԿՀ ծառայողները նրան ուղղակի կսատկացնեին:

Շարունակելով Դինք-Խալաֆյան զուգահեռների թեման` նկատեմ, որ զուգահեռների ողբերգականությունն ընդգծվում է, երբ գիտակցում ես, որ Դինքի մահվան մեղավորները թուրքեր են, Խալաֆյանի սպանության մեղավորները` հայեր: Բայց իրադարձությունները զուգահեռվում են, բավական ուժեղ են զուգահեռվում: Զուգահեռվում է նաև այն, որ Թուրքիան չէր ուզում ընդունել, որ իր գործողություններով և անգործությամբ խախտել է Հրանտ Դինքի կյանքի իրավունքը, Հայաստանն էլ չի ընդունում, որ Մարտի 1-ի տասը զոհերի կյանքի իրավունքն է խախտել:

Այս ֆոնին չգիտես ինչ ասես այն «պետականամետ» լրագրողներին, ովքեր Դինքի սպանության առիթով արդարացիորեն քացու տակ են տալիս Թուրքիային, իսկ ինչ վերաբերվում է Վահան Խալաֆյանին, Մարտի 1-ի զոհերին` ձայն բարբարոյ յանապատի:

Հ.Գ. Ինչ խոսք, Դինքի սպանությամբ թուրք ազգայնականները խոշոր քաղաքական ծրագիր են իրականացրել, ինչին իր մասշտաբով չի կարող զուգահեռվել Վահան Խալաֆյանի հետ տեղի ունեցածը: Մարտի 1-ի սպանդը, սակայն, զուգահեռվում է, մի բան էլ ավելի: Այնպես որ, հայ-թուրքական զուգահեռը հսկայական հիմք է ձեռք բերել: