Հայաստանում դրսևորվող նոր քաղաքացիական շարժումներն ամբողջովին նոր տեխնոլոգիաների զարգացման էֆեկտն են, ինչը հնարավորություն է տալիս երկրի իշխանությունների կառավարումից դուրս տարածքներ ի հայտ բերել, և այդ տարածքներում հնարավոր դարձնում մարդկանց, հասարակության, հանրությունների կազմակերպումը: Epress.am-ի հետ զրույցում փետրվարի 4-ին Հայաստանում Եգիպտոսի դեսպանատան առջև տեղի ունեցած ակցիայի մասնակից, Արվեստի քննադատների միության նախագահ Նազարեթ Կարոյանն իր տեսակետն է հայտնել Եգիպտոսում ծավալված լայնածավալ բողոքի ակցիաների վերաբերյալ և զուգահեռներ տարել հայաստանյան իրականության հետ:
«Նմանատիպ ակցիաները, ինքնակազմակերպման դրսևորումները ցույց են տալիս, որ այն, ինչ տեղի ունեցավ Եգիպտոսում, տեղի է ունենում նաև Հայաստանում. սա հնարավորություն է տալիս, որ Եգիպտոսի նման իրադարձություններ կարող են զարգանալ նաև Հայաստանում», – ասել է Կարոյանը:
Նա նշել է, որ, իհարկե, մեր իրադրությունը տարբերվում է նրանով, որ մեր պատմությունն է ուրիշ, և մեր հասարակության կառուցվածքը մի փոքր այլ է:
«Արաբական աշխարհում այժմ տեղի ունեցող պրոցեսները, որոնք շատ նման են այն պրոցեսներին, որոնք սովորաբար մենք ականատես ենք եղել արևմտյան ժողովրդավարական երկրներում, ցույց են տալիս, որ գալիս է մի պահ, երբ կրոնը էական դեր չի կատարում հասարակական կյանքի զարգացման առումով: Այստեղ մի ուրիշ բան էլ կա. կրոնը, կրոնական հանրությունների ներկայությունը որոշակի առանձնահատուկ զարգացումների հնարավորություն էլ է ընձեռում, որովհետև այս տեսակի քաղաքացիական շարժումներից, քաղաքացիական անհնազանդություններից, ըմբոստացման արդյունքում միշտ էլ կարող են գտնվել ուժեր, որոնք կարող են իրենք քաղել արդյուքները: Այդ վտանգը միշտ էլ կա: Բայց այն, թե ինչպես հասարակությունը կկարողանա ինքնակազմակերպվել և թույլ չտալ նման ծայրահեղական ուժերին կառավարումն իրենց ձեռքը վերցնել, միշտ էլ խնդիր է նման շարժումները նախաձեռնողների համար, և նրանց համար, ովքեր պատասխանատու են զգում՝ նախաձեռնելով հասարակական կյանքի այդ բոլոր զարգացումները», – ասել է արվեստագետը:
Լուսանկարում՝ ձախից՝ համադրող, արվեստաբան Ռուբեն Արևշատյանը, աջից՝ Նազարեթ Կարոյանը
Կարոյանը նշել է, որ նման հասարակական զարգացումների ժամանակ առաջնորդի նախապես լինելը պատմության խորքերից է գալիս, երբ ճանաչում էին միայն մեկ աջաջնորդ, իսկ այժմ, ըստ նրա, առաջնորդները հենց քաղաքացիական ընդվզումների ժամանակ են ի հայտ գալիս և ինքնադրսևորվում:
«Առաջնորդներն իրենք չեն հայտնվում, ասում, որ իրենք առաջնորդ են. նրանք ի հայտ են գալիս ըմբոստացման, շարժման արդյունքում, և, բնականաբար, ես վստահ եմ, որ եգիպտական այս պայքարի արդյուքնում ի հայտ կգան առաջնորդներ, ովքեր կստանձնեն այդ պատասխանատու դերը՝ համակարգելու այս շարժումները: Նույնը վերաբերում է նաև մեզ. նոր շարժումները, նոր գործընթացները, նոր միջոցներով ինքնակազմակերպմամբ ձևավորվող ցասումներն իրենց միջից նոր առաջնորդներ դուրս կբերեն: Ամբողջ հարցը կայանում է նրանում, թե որքանով հասարակությունը կկարողանա ինքը նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, և ոչ թե սպասել այն բանին, թե առաջնորդն ինչ կասի»,- ասել է մեր զրուցակիցը: