Եգիպտոսի իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունների ժամանակ կողմերը համաձայնության են եկել սահմանադրական բարեփոխման կոմիտեի ստեղծման շուրջ, հայտնում է AFP-ն` վկայակոչելով իշխանությունների ներկայացուցիչ Մաղդի Ռադիի խոսքերը:
Ռադիի խոսքով` կոմիտեն մինչև մարտի սկիզբ կպատրաստի սահմանադրական բարեփոխման նախագիծ և օրինագծերի փաթեթ` ուղղված Եգիպտոսի քաղաքական կյանքի ժողովրդավարացմանը:
Կառավարության կողմից բանակցություններին մասնակցում էին փոխնախագահ Օմար Սուլեյմանը և վարչապետ Ահմեդ Շաֆիկը: Ընդդիմության կողմից ներկա էին մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` «Մահմեդական եղբայրներ» շարժման: Շարժման ներկայացուցիչը հայտնել է «Ալ-Ջազիրային», որ ավելի ուշ կայանալու է բանակցությունների ևս մեկ փուլ: