Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Սերժ Սարգսյանը կարևորել է Միացյալ Նահանգների ակտիվ դերակատարությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն և անվտանգության պահպանման գործում: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին` ԵԱՀԿ Աստանայի համաժողովում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ցուցաբերած հստակ և հավասարակշռված դիրքորոշման համար:
Հիլարի Քլինթոնը նշել է, որ ուրախությամբ է հիշում իր հայաստանյան այցը և շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` պետքարտուղարը շեշտել է Միացյալ Նահանգների հաստատակամությունը` աջակցելու երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու գործընթացը շարունակելու հարցում:
ՀՀ նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված մի շարք խնդիրներ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հարցերի: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: