Երեկ առավոտյան ИСД Авиа ուկրաինական ընկերությանը պատկանող ինքնաթիռը, որով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը և Հայաստանի ազգային հավաքականը պետք է մեկնեին Կիպրոս` Վրաստանի հավաքականի հետ հանդիպմանը մասնակցելու համար, օդ բարձրանալուց հետո ստիպված է եղել հետ վերադառնալ:
Թռիչքի ընթացքում ինքնաթիռում հայտնաբերվել են տեխնիկական անսարքություններ, և օդանավի անձնակազմը որոշել է վերադառնալ «Զվարթնոց» օդանավակայան:
Ինչպես Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, անսարքությունները շտկելուց հետո ինքնաթիռը 18:00-ին կրկին օդ է բարձրացել և երեք ժամից վայրէջք կատարել Լարնակայի միջազգային օդանավակայանում:
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան ընկերական հանդիպումը կկայանա փետրվարի 9-ին, Երևանի ժամանակով 17:00-ին: Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: