ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, ով ներկայումս հետախուզման մեջ է գտնվում Ռուսաստանում խոշոր չափերի դրամաշորթության մեղադրանքով, հայտարարել է, որ պատրաստվում է քաղաքական ապաստան պահանջել ԱՄՆ-ից, հաղորդում է Associated Press-ը:
Եղիազարյանը բնակվում է Լոս Անջելեսում 2010 թվականից: Նա պնդում է, որ ստիպված է եղել լքել Ռուսաստանը, քանի որ վախենում է սեփական կյանքի համար: Միևնույն ժամանակ, Associated Pres-ի թղթակցի հետ զրույցում Եղիազարյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ևս իրեն ապահով չի զգում:
Նա ընդգծել է, որ դեկտեմբերի 7-ին Աստրախանում իր բարեկամին են սպանել: Սպանվածի անունը նախկին պատգամավորը չի նշել: Սակայն ԶԼՄ-ները հաղորդում են, որ դեկտեմբերի 7-ին Աստրախանում ընդամենը 1 աղմկահարույց սպանություն է եղել. մահացել է «Газэнергосеть Астрахань» ընկերության գլխավոր տնօրեն Ասլան Ասլանբեկովը:
Եղիազարյանի խոսքով` իր հասցեին վաղուց են սպառնալիքներ հնչում: Պատգամավորը պատմել է ամերիկացի լրագրողներին, որ 2009 թվականին նրան ստիպել են հրաժարվել «Մոսկվա» հյուրանոցի վերականգնման աշխատանքներում մասնակցություն ունենալուց: Ըստ նրա` ինքն անանուն սպառնալիքներ է ստացել, որոնց հեղինակները խոստացել են գլխատել իր երեխաներին: